ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 11-ին մասնակցել է Երևանում մեկնարկած «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող ԱՊՐԻ ֆորում 2025-ին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Եռօրյա համաժողովի նպատակն է միավորել քաղաքականություն մշակողներին, դիվանագետներին, բիզնեսի առաջնորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քննարկել իրագործելի առաջարկներ՝ անկայուն աշխարհում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար:
Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, պանելային քննարկման ընթացքում խոսել է Հայաստանի որդեգրած քաղաքականության, տեսլականի մասին, թե ինչպես տեխնոլոգիաների և նորարար գործընկերությունների միջոցով կայունություն գտնել անկայուն աշխարհում:
«Կարծում եմ՝ ներկայիս աշխարհաքաղաքական տեսանկյունից բազմաթիվ խնդիրներ են առաջանում տեխնոլոգիաների կտրուկ զարգացման պատճառով, որոնք փոխում են ոչ միայն մեր կյանքը, այլև պետությունների քաղաքականություններն ու կարողությունները: Հայաստանը բավականին երկար ժամանակ է տեխնոլոգիաները համարում է առաջնահերթ պետական բոլոր քաղաքականություններում: Մենք ստեղծել ենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ինչը չափազանց կարևոր քաղաքական որոշում էր. նպատակն է եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք ցանկանում ենք լինել տեխնոլոգիական զարգացման գլոբալ արժեշղթայի մաս»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ Կառավարության կողմից ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց հիմնական նպատակն է ոչ միայն օգնել տեղական ընկերություններին, այլև բարենպաստ պայմաններ ստեղծել միջազգային կազմակերպությունների համար:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հարյուրավոր ընկերություններ արհեստական բանականության, կենսաբժշկության, ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում գիտահետազոտական կենտրոններ են տեղակայել Հայաստանում: