Գործադիրը սահմանել է «Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) անդամ պետություններ միջպետական բեռնափոխադրումներ կատարող ՀՀ կազմակերպությունների գործարար համբավին ներկայացվող պահանջները: Ըստ այդմ՝ նախատեսվում է ներդաշնակեցնել ՀՀ օրենսդրության պահանջները ԵՄ օրենսդրության պահանջներին և կատարել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ) բազմակողմ քվոտայի համակարգում Միջազգային ավտոճանապարհային բեռնափոխադրումների որակի խարտիայով նախատեսված պահանջների տեղայնացումը։
Որոշմամբ սահմանվում են ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող օպերատորի գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պայմանները, մասնավորապես այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ավտոճանապարհային փոխադրումներ իրականացնող օպերատորի գործունեությամբ, պետք է՝ ունենան գործող և կայուն գործունեության իրականացման վայր որևէ անդամ պետությունում, ունենան՝ բարի համբավ, համապատասխան ֆինանսական կարգավիճակ, անհրաժեշտ մասնագիտական որակավորում։
Արդյունքում ՀՀ-ն կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, կբարձրանան ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտում երթևեկության անվտանգության մակարդակը, փոխադրումներ իրականացնողների համար կսահմանվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահանջներ: Արդյունքում՝ միջազգայնորեն ընդունված վկայականների և որակավորման այլ փաստաթղթերի տրամադրումը կապահովի հայկական փոխադրողների մուտքը միջազգային շուկաներ և ԵՄ երկրներ, կբարձրանա հայկական փոխադրողների միջազգային մրցունակությունը, կապահովվի ոլորտում մրցակցության միասնական կանոնների առկայությունը:
Կառավարությունը հաստատել է նաև գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը: Ըստ այդմ՝ կհստակեցվեն միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների գործարար համբավի կորստին հանգեցնող փոխադրումների գործունեությանն առնչվող խախտումների ցանկը և դրանց կիրառման պայմանները: