Լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են, որ ծրագրում են սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնել Լիբանանում և շուտով այն կարող է սկսվել: Նշվում է, որ Իսրայելի ծրագրած արշավը կկենտրոնանա սահմանի երկայնքով «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքների չեզոքացման վրա՝ իսրայելական սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը վերացնելու համար։ Այսօր ավելի վաղ շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ պատրաստ են դիմակայել Իսրայելի ցանկացած հարձակման, այդ թվում՝ ցամաքային: Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 1000 լիբանանցի է սպանվել և 6000-ը վիրավորվել. տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։ Լիբանանի կառավարությունը պատրաստ է ամբողջությամբ իրականացնել ՄԱԿ-ի բանաձևը, որը նպատակ ուներ դադարեցնել Հըզբոլլահի զինված ներկայությունը Լիտանի գետից հարավ՝ որպես Իսրայելի հետ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի մաս` հայտարարել է Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նաջիբ Միքաթին: Նա նաև նշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ պայմանավորվել են, որ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա միայն հրադադարի հաստատումից հետո: Միքաթին նշել է, որ այնուհետև խորհրդարանական նիստ կգումարվի կոնսենսուսով նախագահ ընտրելու համար:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։