Այդ մե՞նք ենք հակաարցախյան գործունեություն իրականացրել, մեր իշխանությո՞ւնը, այդ մե՞նք էինք բանակը թալանում, մե՞նք էինք դղյակներ կառուցում, մե՞նք էինք փող աշխատում այդ ամեն ինչի մեջ: Կարո՞ղ է հետ նայեք ժամանակագրական առումով: Այնքան, ինչքան ՀՀ այսօրվա իշխանությունն է արել Արցախի Հանրապետության համար, ոչ մի իշխանություն չի արել լավ իմաստով:
Այս մասին ԱԺ ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մի բան ասեմ՝ առաջին նիստն է, այդ հին սկավառակը չի՛ վաճառվում: Այդ սկավառակի մեջ «Զարթնի՛ր, լաո՛» տրեկով ոչինչ չստացվեց, դուետ արեցիք եկեղեցականի հետ, այդ դուետն էլ ոնց-որ լավ չի վաճառվում: Այդ հին սկավառակը փոխելու ժամանակն է»,- ասաց Սիմոնյանը:
Նա ընդդիմադիր գործընկերներին հորդորեց չզբաղվել աճպարարությամբ:
«Այս խոսույթը որևիցե տեղ չի տանելու»,- ընդգծեց Սիմոնյանը՝ կոչ անելով վերջ տալ շահարկումներին: