«Ոչ թե հետ, այլ առաջ ենք գնում». 2020-ի պատերազմում զոհված կապիտան Արտուշ Արզումանյանի այս խոսքերը այսօր խորագիր էին դարձել նրա տարեդարձին նվիրված միջոցառման համար: Իսկ ուղերձները ուշացող խաղաղության, այդ խաղաղության պայմաններում ապրելու, ապագան կառուցելու մասին էին:
44-օրյա պատերազմի ընթացքում, երբ թշնամին ոչնչացրել էր գումարտակի բոլոր մեքենաները, Արտուշ Արզումանյանն իր անձնական մեքենայով իրականացրել է զինամթերքի տեղափոխում և զուգահեռ մասնակցել մարտական գործողություններին: Այդ գործողություններից մեկի ժամանակ շրջափակման մեջ է մնացել մոտ 40 րոպե: Մարտավարական հնարքների կիրառմամբ կարողացել է դուրս գալ շրջափակումից՝ փրկելով նաև մի խումբ զինծառայողների կյանքը:
Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, զինամթերք տեղափոխելիս, կանգնել է, որ օգնի վիրավոր զինվորներին: Փրկելով մի շարք զինվորների կյանքը՝ կապիտան Արզումանյանը զոհվել է:
Նանե Արզումանյան (կապիտան Արտուշ Արզումանյանի քույրը) - Միակ բանը, որ տանել չէր կարողանում, մարդկային խեղճությունն է, և ամեն բան պիտի աներ, որպեսզի մեր ընտանիքի, իր զինվորների օրը տոնի վերածվեր, և ես ուզում էի, որ այս միջոցառումը, ինչքան էլ դժվարությամբ լիներ ծնողներիս, իր կնոջ, երեխաների համար, միևնույն է՝ ուզում էի փորձել փոքր-ինչ դետալով գոնե վերջ դնել սգին:
Կապիտան Արզումանյանի տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկաները հրավիրվել էին ոչ թե սգալու, այլ հիշելու և մեծարելու: Արտուշ Արզումանյանի հետ էլ՝ այն տղաներին, որոնք զոհվեցին՝ մյուսների ապրելու և ապագայի համար:
Նանե Արզումանյան - Այլևս խեղճանալու, այլևս սգալու ժամանակ չունենք:
Արտուշ Արզումանյանն այսօր կդառնար 43 տարեկան:
Հեղինակ՝ Աննա Զախարյան