Ամերիկյան զինված ուժերը հարվածել են Իրանում 80-ից ավելի թիրախի, հանրապետության տարբեր շրջաններում պայթյուններ են որոտացել, հրդեհներ են բռնկվել: Թիրախավորվել են օդային պաշտպանության և ափամերձ հսկողության համակարգեր, հրթիռների, ԱԹՍ-ների արձակման կայանքներ, նավահանգստային օբյեկտներ: ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սա պատասխանն է միջազգային ջրերում առևտրային նավերի վրա իրանական հարձակումներին։ «Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող երեք նավի։ Այս ագրեսիան անհիմն էր և վտանգավոր, այն հրադադարի խախտում է»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ։ Ամերիկյան կողմը նաև չեղյալ է հայտարարել իրանական նավթի վաճառքի համար տրամադրված արտոնագրերը, որոնք նախատեսված էին վերջերս ձեռք բերված Իսլամաբադի հուշագրով։
Տեղեկություններ կան, որ իրանական կողմն էլ թիրախավորել է Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան բազաները: Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն դատապարտել է ամերիկյան կողմի գործողությունները՝ դրանք որակելով կարգավորման հուշագրի խախտում: Թեհրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի որոշումները և սպառնալիքները չեն ազդի Թեհրանի դիրքորոշման վրա: Նաև Իրանից նախազգուշացնում են, որ անհրաժեշտության դեպքում ջախջախիչ հարված կհասցնեն և ոչ մի դեպքում թույլ չեն տա միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը:
Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իր համար Իսլամական Հանրապետության հետ հրադադար այլևս չկա, և չի ցանկանում գործ ունենալ Թեհրանի հետ:
Մանրամասները՝ տեսաշարում: