Տրանսֆերտների, արտահանման շահույթի նվազում, գնաճային սպասումներ՝ սրանք այն գործոններն են, որոնք Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին ազդել կամ կարող են ազդել մեր երկրի տնտեսության վրա: Մյուս կողմից՝ իրավիճակը, ըստ մասնագետների, կարող է նաև մի շարք ոլորտների համար հնարավորություններ բացել՝ զբոսաշրջությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ: Էկոնոմիկայի նախարարությունում էլ ստեղծվել է գործող բիզնեսը այլ երկրներից Հայաստան տեղափոխելու և նոր բիզնես հիմնելու աշխատանքային խումբ։
Հայկազ Ֆանյան (Acses վերլուծական կենտրոնի ղեկավար) - Օրինակ՝ ՏՏ ոլորտի դեպքում մենք գիտենք, որ մեր աշխատանքի շուկայում առաջարկի և պահանջարկի միջև մեծ խզվածք կար հատկապես փորձառու մասնագետների մասով, և այս իրավիճակը մի հնարավորություն է ստեղծել, որ հնարավոր է` մեծաքանակ ռուս և նաև, ինչու չէ, ուկրաինացի ՏՏ ոլորտի մասնագետներ գաղթեն Հայաստան` իրենց գործունեությունը հայկական ընկերություններում շարունակելու համար:
Ճգնաժամը, որպես կանոն, նաև հնարավորություն է, նշում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը, հիշեցնում, օրինակ՝ կորոնավիրուսը նպաստեց, որ թվայնացման գործընթացն արագանա:
Մանուկյանը նաև պատճառներ է նշում, թե ինչու պետք է Ռուսաստանից կամ Ուկրաինայից դուրս եկող բիզնեսը դիտարկի հենց Հայաստան գալու տարբերակը:
Արտակ Մանուկյան (ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ) - Այստեղ կարող է Հայաստանը հանդես գալ որպես բավականաչափ լիբերալ ֆինանսական շուկա ունեցող երկիր, որովհետև մի շարք գնահատումներով, մասնավորապես` տնտեսական ազատության համաթվով, որն անդրադառնում է նաև ֆինանսական ինստիտուտներին, Հայաստանը համարվում է բավականաչափ ազատ և առանց որևէ խնդիրների ֆինանսական համակարգ ունեցող երկիր:
Ռուսաստանում օտարերկրյա ներդրումներով աշխատող մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, դադարեցնելով գործունեությունն այդ երկրում, դիտարկելու են այլընտրանքային շուկաներ:
Հայկազ Ֆանյան - Իհարկե, այս առումով Հայաստանի հետ մրցակցում են Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, բայց մեր առավելությունն այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և ընկերությունները, ըստ էության, պետք է ընտրություն կատարեն: Օրինակ՝ մենք գիտենք, որ Վրաստանի դեպքում հնարավոր է լոգիստիկ ծախսերը շատ ավելի ցածր լինեն, բայց Վրաստանը, լինելով երրորդ երկիր, ոչ ԵԱՏՄ անդամ, բնականաբար այդ ապրանքները հետագայում ԵԱՏՄ արտահանելի մաքսատուրքերի հետ են բախվելու, իսկ Հայաստանի դեպքում այդ խնդիրը չկա:
Օդային տրանսպորտի և զբոսաշրջության առումով ևս Հայաստանը կարող է այլընտրանք լինել: Մաստեր և վիզա քարտային համակարգերը դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանի առաջատար բանկերի հետ, խնդիրներ կան նաև Apple և Google փեյերից օգտվելիս:
Արտակ Մանուկյան - Կենտրոնական բանկը քանի որ որևէ սահմանափակում չի դնում ռեզիդենտության առումով, այսինքն` անկախ նրանից` դու Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտ ես, թե Հայաստանի Հանրապետության, դու կարող ես ազատորեն հաշիվ բացել, դրանով գործարքներ անել և այլն:
Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ արդեն 100-ից ավելի ընկերություն է դիմել Հայաստան տեղափոխվելու համար: Գործարար համայնքն արձագանքում է իրավիճակին և փորձում հնարավորություններ փնտրել: Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ պետությունը թեկուզ ոչ հրապարակային, սակայն կարող է ինչ-որ քայլեր իրականացնել Ռուսաստան-Արևմուտք խզումը մեղմելու համար: Ֆանյանի համոզմամբ՝ օտարերկրյա բիզնեսի համար Հայաստանը պետք է մշակի արտոնությունների այնպիսի փաթեթ, որը մրցունակ կլինի տարածաշրջանում: