ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 21-ին Երևանում մասնակցել է ճարտարագիտության ոլորտի հայաստանյան ամենամյա «Հայաստան-Ինժեներական շաբաթ 2021» միջոցառմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը ներկայացրել է այն առաջխաղացումը, որը ոլորտն ունեցել է վերջին մի քանի տարիների ընթացքում:
Նշվել է, որ եթե 2015 թ. ոլորտը շուրջ 60 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 1,2%) շրջանառություն և 8 հազար աշխատակից ուներ, ապա 2020թ. շրջանառությունը կազմել է 200 մլրդ դրամ (ՀՆԱ շուրջ 3,2%), աշխատակիցների քանակը՝ շուրջ 19000: 2025թ. նախատեսվում է շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, աշխատակիցների թիվը՝ 35 հազարի:
Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ այս ամենը պետություն-մասնավոր հատված գործընկերության, պետության վարած քաղաքականության արդյունքն է, որը, սակայն, շարունակականության խնդիր ունի և այդ ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են իրականացվում:
«Առաջիկայում Ազգային ժողովի և ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության շնորհիվ օրենքի նոր նախագծով պետք է հանդես գանք, որը և կազդարարի մեր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջորդ փուլերը և առաջնահերթությունները»,- ասել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է նաև, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում պահանջարկ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան «Մեկ պատուհանի» միջոցով առցանց դիմել և պարզեցված ընթացակարգով ՀՀ-ում ապրելու և աշխատելու իրավունք ստանալ:
Նշվել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագրի և որպես շարունակություն «Արտադրական քաղաք» հիմնելու ծրագրի կարևորության մասին: