ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում առաջարկվող լրացումները:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Երևան քաղաքում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում քաղաքացիների համար առաջացել են խոչընդոտներ սեփականության իրավունք գրանցելու, ժառանգություն ընդունելու և այլ իրավահարաբերություններ կարգավորելու համար: Նման խնդիրները լուծելու նպատակով Կառավարությունն առաջարկում է մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների, Երևանի քաղաքային խորհուրդների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերն ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել Երևանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երևանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել է ««Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: