2027 թվականին Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Le Courrier d'Erevan ամսագրի միջև կնքվել է հուշագիր համատեղ գործունեության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Ֆրանկոմեդիա» հասարակական կազմակերպության տնօրեն Զառա Նազարյանը:
Համագործակցությունը միտված է ֆրանսալեզու մամուլում լուսաբանման իրականացմանը հետևյալ ուղղություններով՝
-
Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային, կրթական կապերի և միջազգային համագործակցության լուսաբանում,
-
2027 թվականին Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանում՝ ներառյալ նախապատրաստական աշխատանքները,
-
Հայաստանի մշակույթի և կրթության ոլորտների ռազմավարական քաղաքականության ներկայացում և համատեղ նախագծերի իրականացում:
Ֆրանկոմեդիան www.courrier.am հարթակի միջոցով լայնորեն լուսաբանվելու են նախարարության կողմից իրականացվող մշակութային, կրթական ծրագրերը, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջոցառումները և Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը՝ ներգրավելով երիտասարդ լրագրողների և նպաստելով Հայաստանում ֆրանսալեզու լրագրության զարգացմանը։ Կգործարկվեն նոր տեխնոլոգիական և մեթոդական լուծումներ՝ www.courrier.am հարթակը դարձնելով մշակութային և ուսումնական առաջնային ռեսուրս՝ նոր վիդեո և աուդիոբովանդակության տարածմամբ։
Նախատեսվում է, որ կիրառվող առաջատար տեխնոլոգիաները հնարավորություն կտան մեծացնելու www.courrier.am հարթակի տեսանելիությունն ու հասանելիությունը՝ ապահովելով երկխոսություն Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի և հայկական մշակույթի տեսանելիության բարձրացմանը: