Միացյալ Նահանգները Ուզբեկստանի, Տաջիկստանի և Պակիստանի հետ պայմանավորվել է, որ այդ երկրներն ընդունեն Աֆղանստանի տարածքից տարհանվող ԱՄՆ քաղաքացիներին և կեցության իրավունք ունեցող անձանց: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Բլինքենը խոստովանել է, որ ԱՄՆ իշխանությունները «Թալիբանի» հետ հակամարտությունում, ըստ էության, չեն կարողացել մշակել հաղթական ռազմավարություն:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը բավական հաջող է գործել հակաահաբեկչական պայքարի շրջանակներում: Սակայն պատկերն այլ է «Թալիբանին» պարտության մատնելու և Աֆղանստանը վերափոխելու թանկարժեք ջանքերի հարցում: