Հայաստանի վարչապետը մեղադրում է բանակին հեղաշրջման փորձի համար: Երեկ միջազգային առաջատար լրատվամիջոցների հայաստանյան անդրադարձն այս վերնագրով էր: BBC, DW, «Ալ-Ջազիրա», CNN, «Եվրոնյուզ»: Մամուլի մյուս էջերում Հայաստանում անցկացվող ցույցերն են՝ իշխանության և ընդդիմության պահանջները: Երևանյան իրադարձություններին անդրադառնում են նաև միջազգային կառույցները՝ հիմնականում աջակցելով ժողովրդավարությանը կամ զսպվածության կոչ անելով:
Ստեֆան Դյուժարիկ (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ) - Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, շատ է մտահոգում: Երկու կողմի համար էլ կարևոր է հանգստություն պահելը: Մենք զսպվածության կոչ ենք անում և հորդորում ենք տարաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով: Դա պետք է անել՝ հարգելով Սահմանադրությունը և ժողովրդավարական գործընթացը:
«Զերծ մնալ բռնության հանգեցնող քայլերից». ԱՄՆ պետքարտուղարության հորդորն է՝ Հայաստանի ժողովրդավարությանը և ինքնիշխանությանը սատարելու խոստումով:
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Մենք տեղյակ ենք Հայաստանում վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, հորդորում ենք խուսափել ցանկացած լարվածությունից և բռնությունից: Հիշեցնում ենք բոլոր կողմերին ժողովրդավարական հիմնարար սկզբունքի մասին՝ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը:
Հարցին, թե զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը որակո՞ւմ են որպես հեղաշրջման փորձ, Փրայսն ասել է, որ պետքարտուղարությունն ունի հատուկ գործընթաց դա պարզելու համար:
Հարևան Իրանը քաղաքական ուժերին հորդորում է ձեռնպահ մնալ բռնություններից. իսլամական հանրապետության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Սաիդ Խաթիբզադեի հայտարարությունն է:
Մտահոգ է նաև Շվեդիայի արտգործնախարարը, որը նաև ԵԱՀԿ գործող նախագահն է:
Անն Լինդե (ԵԱՀԿ նախագահ) - Մտահոգված եմ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներով: Բոլոր կողմերին հորդորում եմ խաղաղ գործել՝ հարգելով ԵԱՀԿ ժողովրդավարական գործընթացներն ու օրենքի գերակայության վերաբերյալ պարտավորությունները: Իրավիճակը պետք է լուծվի առանց բռնության:
Գործընկեր Հայաստանի քաղաքական գործընթացներին ակտիվորեն հետևում է նաև ՆԱՏՕ-ն: Դաշինքի մամուլի քարտուղարը կարևոր է համարում խուսափել խոսքերից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման և գործել՝ հավատարիմ մնալով Հայաստանի Սահմանադրությանը: