Որպեսզի Հայաստանը կարողանա քայլել կորոնավիրուսից հետո տուրիզմի զարգացմանը համընթաց, մեկնարկել է զբոսաշրջության ոլորտում հմտանալու կրթական նոր ծրագիր:
Հայաստանը ոչ միայն կարող է հետ չմնալ աշխարհից, այլև տուրիզմը դարձնել եկամտաբեր: Կրթական նախաձեռնությունը Ամերիկյան համալսարանինն է:
Սահմանների բացումից հետո զբոսաշրջության ոլորտում մրցակցությունը թեժ է լինելու, և կշահեն այն երկրները, որոնք ավելի ակտիվ մարքեթինգային քաղաքականություն կվարեն՝ ահազանգում են ոլորտի մասնագետները:
Զարմինե Զեյթունցյան (Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս) - Քովիդից ու պատերազմից հետո զբոսաշրջությանը մի քանի տարի է պետք՝ վերականգնվելու համար, այն էլ՝ ճիշտ քաղաքականության դեպքում:
Քանի դեռ տուրիզմը պասիվ փուլում է, Ամերիկյան համալսարանը որոշել է ժամանակն արդյունավետ օգտագործել: Որպեսզի սահմանների բացումից հետո մեր երկիրը զբոսաշրջության ոլորտում խնդրի առաջ չկանգնի, մասնագետներին առաջարկում են վերապատրաստվել, որակավորում ստանալ: Ամերիկյան համալսարանը կրթական նոր ծրագիր է նախաձեռնել:
Զարմինե Զեյթունցյան - Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում մասնագիտական կարիերայի աճով: Ծրագիրը մեկ տարվա է՝ երկու կիսամյակ, նախապատրաստական դասեր, հաշվապահություն, անգլերեն, հաղորդակցություն, նաև մաթեմատիկա, որից հետո արդեն կսկսեն ուսումնասիրել գործառնական ծրագիրը՝ հյուրընկալության գնագոյացում և վաճառքներ, հյուրընկալության մարքեթինգ:
Դասավանդելու են թե՛ Ամերիկյան համալսարանի, թե՛ արտերկրից հրավիրված մասնագետները: Ծրագիրը մշակվել է Հայաստանի հյուրանոցային օբյեկտների հետ գործակցելով: Ոլորտում աշխատող մասնագետները ուսանողներին պրակտիկ գիտելիքներ կփոխանցեն: «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ առաջիկա երեք տարվա ընթացքում տվյալ ծրագրի ուսանողների վարձի 90 տոկոսը կսուբսիդավորվի: Տուրիզմի ֆեդերացիան իր հերթին շարունակելու է կարճաժամկետ դասընթացները:
Մեխակ Ապրեսյան (Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ) - Մեր այսօրվա առաջնահերթ անելիքներից պետք է լինի նաև զբոսաշրջության ոլորտին տրամադրվող աջակցությունը, որպեսզի համաշխարհային շուկայում Հայաստանի մարքեթինգային շուկային ուղղված միջոցները էապես ավելացվեն, գոնե փոքր-ինչ մոտեցնել միջազգային ստանդարտի կեսին:
2019-ին Հայաստանի ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.9 մլն: Սա, ըստ տուրիզմի ֆեդերացիայի՝ նշանակում է, որ նվազագույն հաշվարկներով միայն ներգնա զբոսաշրջությունից պետական բյուջե է փոխանցվել շուրջ 300 մլն դոլարին համարժեք գումար: Մեխակ Ապրեսյանը խնդրում է՝ գոնե դրա 1 տոկոսն ուղղել քովիդից ու պատերազմից հետո ամենատուժած ոլորտներից մեկի՝ տուրիզմի մարքեթինգի զարգացմանը, որպեսզի հնարավոր լինի հետ չմնալ աշխարհից ու շարունակել պետբյուջեին եկամուտ բերել: