Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այցելել է Նախիջևան: Նա այնտեղ է՝ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ տարբեր հարցերի վերաբերյալ բանակցություններ վարելու համար: Այնտեղ ժամանելուն պես Զարիֆն ասել է, որ տարածաշրջանի հինգ երկրներ՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա կատարած իր այցերի ավարտին այցելում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տարածաշրջանում տարանցման հնարավորությունները և գործակցության պայմանները:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է ԵԱՀԿ նախագահ Ան Լինդեի հետ: Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն առաջ մղելու ջանքերը, նաև Ուկրաինայում Ռուսաստանի ներգրավվածությանը հետևելու, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու հետ կապված հարցեր:
Լեռնային Ղարաբաղի, Ուկրաինայի, Լիբիայի և Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում ԱՄՆ-ն և Ռուսաստանը գործակցում են և ցանկանում են շարունակել երկխոսությունը՝ հայտարարել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը: ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներ են, ՌԴ արտգործնախարարի ճեպազրույցի ժամանակ մեզ տեղեկացրել են Լեռնային Ղարաբաղում ընթացող իրադարձությունների մասին: Դա գործակցության ևս մեկ օրինակ է՝ ընդգծել է դեսպանը:
Ադրբեջանում այսօրվանից՝ հունվարի 30-ից, իր գործունեությունն է սկսում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը: Ռուս զինծառայողներն արդեն տեղում են: Կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, որը Բաքվի վերահսկողության տակ է անցել 2020 թվականին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի՝ Ստեփանակերտի տեղակայման վայրում, զինծառայողները մի քանի օր ծանոթացել են համատեղ կենտրոնի կառուցվածքին, նշանակությանը, խնդիրներին ու գործառույթներին, աշխատանքի կազմակերպման ընթացակարգերին, նաև՝ այն երկրի մշակույթին, ավանդույթներին ու առանձնահատկություններին, որի տարածքում նրանք առաջադրանքներ պետք է իրականացնեն: Համատեղ կենտրոնի անձնակազմում անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացնելու է իրավիճակի մշտադիտարկում և վերահսկելու է հրադադարի պահպանման ռեժիմն ու ռազմական բոլոր գործողությունները: