Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներ գործուղվող ուսուցիչները հունվարի 1-ից 30 տոկոս հավելավճար կստանան: Փոփոխվել է նաև գործուղվող ուսուցիչների կոմունալների փոխհատուցման կարգը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Կոմունալ վարձերի աջակցություն՝ բարձրացնելով նախկինում տրվող չափը 5000 դրամի փոխարեն ամսական 10200 դրամ: Փոխհատուցելու են բնակարանի վարձի գումարը՝ անշարժ գույքի շուկայի վերլուծության արդյունքում: Այն աշխատավարձը, որ պիտի ստանա, դրան կհավելվի 30 տոկոս:
Պետությունը կփոխհատուցի նաև գործուղվող ուսուցիչների ընտանիքների ու նրանց իրերի տեղափոխման գումարը՝ տարեկան 4 անգամ կհատուցեն նաև մշտական բնակության վայր վերադառնալու ծախսերը: Այսպես կփորձեն մարզերի ուսուցիչների թափուր հաստիքի հարցը լուծել: Փոխնախարար Անդրեասյանը փաստում է՝ մոտ 100 դպրոցում մասնագետների պակաս կա: Հետևանքն էլ այն է, որ որոշ առարկաներ չեն դասավանդվում: Այս առումով դժվար է հատկապես բնագիտական առարկաների հարցը:
Ժաննա Անդրեասյան - Դպրոցում ֆիզիկա և քիմիա չեն ուսումնասիրել, նախորդ ուսումնական տարում՝ երաժշտություն, տեխնոլոգիա կերպարվեստ:
Օպերատիվ կարգով թափուր տեղերը լրացնելու համար նախարարությունում այժմ մանկավարժների շտեմարան են կազմում: Բայց մինչև ուսուցիչները գերատեսչության այս առաջարկին կարձագանքեն, կփորձեն բացը հեռավար ուսուցմամբ լրացնել:
Հունվարի 1-ից փոխվել է նաև ուսուցիչների ու աշակերտների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգը: Եթե նախկինում դպրոց հասնելու համար կիլոմետրաժ էր սահմանված, այժմ սահմանափակումը հանվել է: Ուսուցիչների դեպքում էլ տրանսպորտային ծախսերը կփոխհատուցվեն այն ժամանակ, եթե նա տվյալ առարկան դասավանդող միակ մասնագետն է:
Ժաննա Անդրեասյան - Եթե մեկ կամ երկու երեխա էր, տրվող փոխհատուցումը բավարար չէր լինում տաքսու ծառայությունից օգտվելու համար: Այժմ 4 հոգին կարող են օգտվել տաքսու ծառայությունից:
Նախարարությունում ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մեկ այլ տարբերակ էլ են մշակել: Այս տարվանից մասնագետներին կամավոր ատեստավորման հնարավորություն են ընձեռելու:
Ժաննա Անդրեասյան - Ուսուցիչների թեստավորում կիրականացվի, բարձր արդյունքներ ունեցողների աշխատավարձը 30-50 տոկոսով կավելանա:
Փոփոխությունը կիրականացվի փուլային տարբերակով: Գործընթացը կմեկնարկի այս տարվա առաջին եռամսյակում: Այսպես կփորձեն նախևառաջ ուսուցիչներին ավելի բարձր վարձատրել, մյուս կողմից էլ լուծել համակարգի խնդիրները:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան