Այն, որ սահմանադրական արդարադատության համակարգը ՀՀ-ում, մեղմ ասած, կատարյալ չէ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, իսկ եթե լայն առումով վերցնենք դատական համակարգը և ընդհանրապես, այսպես ասած, պետական ապարատը, մենք ունենք հանրային վստահության խնդիր այս ասպեկտով: Եվ առաջնահերթ քայլերը պետք է ուղղված լինեն կա՛մ հանրային վստահության ձևավորմանը, կա՛մ դրա մակարդակի բարձրացմանը: Ինչ վերաբերում է բյուջեից ՍԴ-ին՝ որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի, ուղղվող գումարներին, բյուջեի հետ կապված, կարծում եմ՝ եթե այս առումով խնդիրներ են տեսնում, անելիքներ ունեն և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը: Այսպես ասաց ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանը՝ ի պատասխան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցի:
«Իսկ լայն առումով, եթե հարցին մոտենանք կոնցեպտուալ ասպեկտով, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողվում բավական տևական ժամանակ քննարկվում է առհասարակ ՍԴ ունենալու նպատակահարմարության հարցը: Այսինքն՝ էստեղ հարցը կամա-ակամա տեղավորվում է, որոշ չափով, քաղաքական որոշումների տիրույթում:
Իհարկե, դրան նախորդել են և դեռևս կշարունակվեն մասնագիտական հարթությունում քննարկումները, բայց ինչպիսին կլինի քաղաքական որոշումը՝ ես այս պահին կանխատեսումներ անել չեմ ուզում»,- ասաց Շաթիրյանը: