Արևելյան կանաչ պիստակի՝ Հայաստանում աճեցված առաջին բերքն է: Աղանդերի երևանյան խանութում այն ռեկորդային պահանջարկ ունի. բովածից արագ է սպառվում:
Արմինե Մկրտչյան (խանութի աշխատակից) - Սա ավելի շատ է, սա հազիվ տեղ հասած՝ արդեն վաճառված է:
Պատվերի հետևից եկած իրանահայ Մինեի աչքերը փայլում են. թաց պիստակից համեղ բան չի պատկերացնում: Քանի որ ծննդավայրից այս տարի չեն կարողացել ուղարկել, ինտերնետում հենց տեսավ-որոշեց՝ ինչ գին էլ լինի, պիտի ուտի:
Հայկական առաջին պիստակի գնորդներն առավելապես սփյուռքի մեր հայրենակիցներն են՝ ասում է «Հալեպի» տիրուհին: Դրսում այն նույնիսկ ջրով դույլի մեջ, գիշերն են վաճառում, որ պտուղը թաց մնա՝ չչորանա:
Ալին Մասրելյան («Հալեպ» խանութների ցանցի հիմնադիր) - Ինչպես թարմ ընկույզն ավելի հաճելի է ուտելը, քան պահածը, հետո՝ նորություն է, մարդիկ նոր բանի կարոտ ունեն, և, ասենք, դրսի հայերը որ ծանոթ են սրան, կարոտը կա այսպիսի ապրանքատեսակի...
Երևան պիստակը հասնում է Մեղրիից: Հենց այստեղ են 5 տարի առաջ տնկել Հայաստանի համար ոչ ավանդական մշակաբույսի առաջին 5 հա այգին: Չէր սպասում այսքան շուտ բերք ստանալ՝ խոստովանում է ֆերմերը:
Խաչատուր Գևորգյան (ֆերմեր) - Բերքը ժամանակից շուտ է տվել՝ մենք կանխատեսում էինք 21-22 թվականին, բայց առաջին բերքը ստացել ենք:
Քարքարուտ տարածքից՝ կաթիլային ոռոգմամբ, խնամված, կինոյի այգու վերածած էկզոտիկ դաշտն այս տարի մինչև 700 կգ թանկարժեք բերք կտա: Սյունեցիներն իրենց բրենդ համարվող թուզ-կառալյոկից հետո մի քիչ դժվարությամբ են հարմարվում նորությանը: Փոքրիկ հատիկները հատ-հատ պետք է քաղել, ուշացնեն՝ պիստակը ծառին ճաքում-բացվում է:
Շուկայի ճաշակը կթելադրի: Պիստակը մաքրող-բովող գործարան էլ կառուցե՞ն, թե՞ թարմ վիճակում ամբողջը կսպառվի՝ հետագա պլաններն է ծանրութեթև անում Խաչատուրը: Մի հարցում է վստահ. այգում քիմիա չի կիրառի, որ բարձրարժեք աղանդերի գինն ու պահանջարկն էլ ավելի մեծանա:
Խաչատուր Գևորգյան - Օրգանիկ բերքը եվրոպայում ավելի թանկ է, այնպես որ, եթե լավ առաջարկ ունենան՝ կարտահանեն, բայց դեռ շատ չէ, եկող տարի կարող է ունենանք 2-3 տոննա:
Միայն Իրանից Հայաստանը տարեկան ներմուծում է միջինը 800 տոննա պիստակ: Այնպես որ, Արմավիրում հիմնված այգիներն էլ որ սկսեն բերք տալ, քիչ է: Իրենք որ առաջիկայում կրկնապատկել-եռապատկելու են դաշտերը,՝ մանավանդ որ համոզվել են՝ թաց պիստակի համը չորից լավն է: