ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը և գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել են տվյալագիտության մասնագետ Մեղրիկ Այիթյանի հետ՝ Ավստրիայից և ինժեներ-բալիստիկ Րաֆֆի Գյուրջյանի հետ՝ ՌԴ-ից, ովքեր «իԳործ» ծրագրի շրջանակներում միանալու են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թիմին որպես փորձագետներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորյա Պողոսյանը ողջունել է ՀՀ ԲՏԱ նախարարությանը միացող մասնագետներին, նշել, որ շուրջ 50 մասնակիցների հետ արված հարցազրույցներից հետո ընտրվել են առավել համապատասխան փորձառություն ունեցող 9 հայրենակիցներ: Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ նրանց աշխատանքը նախարարությունում արդյունավետ և հաջողված է լինելու:
Գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին իրենց փորձառությունը, գիտելիքներն ու ներուժը հայրենիքում ներդնելու պատրաստակամության համար, համոզմունք հայտնել, որ ծրագիրը հաջողելու է, կատարված աշխատանքի դրական արդյունքները տեսանելի են լինելու կարճ ժամկետում, և որ ողջ անձնակազմը պատրաստ է իր աջակցությունն ունենալ այդ հարցում:
«իԳործ» ծրագրի առաքելությունն է հայրենադարձության, մասնավորապես, մասնագիտական հայրենադարձության խթանումը, և այն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: Պատասխանատու Լիաննա Սիմոնյանն իր խոսքի ընթացքում մատնանշել է ծրագրի բացառիկությունը՝ սփյուռքահայ մասնագետներին ընձեռում է հնարավորություն աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, իրագործելու հայրենիքում՝ հարազատ ոլորտի նկատմամբ մասնագիտական երազանքները:
Հանդիպման ավարտին Վիկտորյա Պողոսյանը նոր գործընկերներին ներկայացրել է իրենց ղեկավարներին, մենթորներին, որոնց ուղեկցությամբ փորձագետները ծանոթացել են աշխատանքային պայմաններին ու անցել գործի՝ հետևելով «իԳործ» ծրագրի կարգախոսին:
Առաջին փուլի արդյունքներով 24 մասնագետ արդեն Հայաստանում է: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդեռլանդներ ու Չինաստան՝ նրանց անգամ համավարակը չի խանգարել հասնելու հայրենիք և միանալու ՀՀ Կառավարության աշխատանքներին:
Ընդհանուր առմամբ, շուրջ 100 մասնագետ սփյուռքից կհամալրի պետական կառավարման համակարգը` բերելով իրենց հետ արտասահմանյան փորձն ու խորացնելով, թե՛ գործընկերների, թե՛ իրենց մասնագիտական գիտելիքները: