Ժնևում հավաքված ՄԱԿ-ի փորձագետների հանձնաժողովը հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում պատերազական հանցագործություն է կատարել՝ 2019-ին անկանոն կերպով հրթիռակոծելով քաղաքացիական հասարակության թիրախները, և խիստ դատապարտել է այն մարտավարությունը, որը Սիրիայի կառավարությունն ու իր դաշնակիցները դեռևս կիրառում են Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ շրջանում: Թեմային է անդրադարձել The New York Times պարբերականը:
ՄԱԿ-ի հանձնաժողովի փորձագետները նաև հայտնել են, որ Թուրքիայի հովանավորությամբ գործող սիրիացի աշխարհազորայինները նույնպես պատերազմական հանցագործություն են կատարել Սիրիայի հյուսիսային քրդական շրջաններ ներխուժելիս, որի ժամանակ մահացել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ:
Բոլոր այս մեղադրանքները հրապարակվել են ՄԱԿ-ի անկախ հանձնաժողովի հերթական զեկույցում: ՄԱԿ-ի այս մարմինը հետաքննում է Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: Հանձնաժողովն ուշիուշով հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը:
ՄԱԿ-ի փորձագետների խոսքով՝ անցյալ տարի հուլիսի 22-ին ռուսական օդուժը հրթիռակոծել է շուկա, որի ժամանակ մահացել էր 43 խաղաղ բնակիչ, իսկ օգոստոսին փախստականների ճամբարի վրա իրականացված ավիահարվածների զոհ էր դարձել 20 մարդ:
ՄԱԿ-ի հանձնաժողովի եզրահանգումները, որոնք մարմինը կներկայացնի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդին, սիրիական հակամարտության շրջանակում Ռուսաստանի վարքագծին վերաբերող հեղինակավոր ու ազդեցիկ գնահատական են:
Ռուսաստանն առայժմ չի արձագանքել ՄԱԿ-ի հանձնաժողովի գնահատականներին: Նոր զեկույցը վերաբերում է 2019-ի հուլիսից մինչև 2020 թվականի հունվար ամիսը: Փորձագետներն ընդգծել են, որ հարձակողական այս գրոհները որակվում են որպես ինտենսիվ ռմբակոծությունների շարք, որն աննախադեպ աստիճանի տառապանք ու ցավ է պատճառում:
Փորձագետները նաև նշել են, որ Թուրքիայի հետ սերտ կապերի մեջ գտնվող սիրիական ընդդիմադիր խմբավորումներն կատարել են պատերազմական այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են սպանություններն ու թալանը: Եվ Թուրքիայի զինված ուժերի հրամանատարները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել այդ սպանությունների համար: