ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ նախորդ օրերին խորհրդարանում հնչած հայտարարություններին՝ կապված «դաշնակցական մտածողության» և Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության անհրաժեշտության վերաբերյալ ընդդիմության դիրքորոշումների հետ։
«Երեկ իմ գործընկեր պարոն Եղոյանն իր հայտնի ելույթում խոսեց դաշնակցականության վտանգների մասին՝ Հայաստանի Հանրապետության հարատևության համատեքստում։ Դրանից մի քանի օր առաջ էլ խորհրդարանի երկրորդ ամենամեծ ուժի ղեկավարը հայտնի հարցազրույցում ասաց, որ Ռուսաստանի ռազմաբազան հանելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը անտեր կմնա։
Թվում էր, թե այս հայտարարությունը պետք է առնվազն խմբակցության՝ «Ուժեղ Հայաստանի» շրջանակում այլ հետևանքներ թողներ՝ փորձելով խուսափել այս հարցի քննարկումից, ընդհանրապես չմտնել բովանդակային քննարկման մեջ և անել առավելագույնը, որպեսզի այս թեման մոռացվի։ Այնինչ մենք տեսնում ենք ուղիղ հակառակը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով հերթագրվում են, որպեսզի մոտենան ամբիոնին և հիմնավորեն ու արդարացնեն այս խոսույթը»,- ասաց Աղաջանյանը։
Ապա նա խոսքը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն անդրադարձավ «դաշնակցական մտածողություն» ձևակերպմանը։
«Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ կարծում եմ՝ Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում Դաշնակցության գաղափարախոսությունից դուրս գործող քաղաքական ուժ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում չի եղել։ Չի եղել։ Եվ սա պետք է խոստովանել։
Երբ մենք ասում ենք «դաշնակցական մտածողություն», մենք չենք խոսում միայն Դաշնակցության մասին։ Ես ինքս իմ մասին ասում եմ, որ 2018-ին, 2019-ին, 2017-ին, 2016-ին ունեցել եմ դաշնակցական մտածողություն։ Դա Հայաստանում եղել է իշխող մտածողություն։ Դա կուսակցության հետ և՛ կապ ունի, և՛ կապ չունի, որովհետև, այդ թվում, ժամանակին մեր քաղաքական ուժերի ծագումնաբանությունը, ըստ էության, մի կաթսայից է դուրս եկել։
Այդ մտածողությունը, հատկապես Երրորդ հանրապետության ընթացքում, ունեցել է մի առանձնահատկություն, որ Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքում դրվել է ֆորպոստի տրամաբանությունը։
Ճիշտ է՝ Հայաստանում շատերը քննադատում են, բայց ես պետք է շնորհակալություն հայտնեմ Նորատ Տեր-Գրիգորյանցին, ով, ի վերջո, բացեց, բացահայտեց, որ ասում են՝ տեսեք, ասում են՝ Անկախության հռչակագրի հետ կապված ի՞նչ պրոբլեմ ունեք և այլն։ Տարբեր բառեր են օգտագործում։ Ասում են՝ ի՞նչ պրոբլեմ ունեք։ Մեր պրոբլեմն այն ընթացքի հետ է, որի մասին հենց Նորատ Տեր-Գրիգորյանցն էր խոսում։
Ինքն ասում էր՝ ո՞նց, էս ի՞նչ եք անում Հայաստանի Հանրապետությունը։
Ի միջի այլոց, ես իմ ելույթում էլ անդրադարձա նախորդ ամիս, որ այսօր կան շրջանակներ, որոնք վիրավորվում են, որ մենք Հայաստանի պետությանը և անկախությանը լուրջ ենք վերաբերվում։
Ինձ համար ակնհայտ է, որ պետություն և անկախություն ամրապնդելու մեր հիմնական և առանցքային շանսն այս տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելու ընդունակությունն է։
Իսկ երբ ասում ենք «դաշնակցական մտածողություն», դա ո՞րն է։ Դա կուսակցության հետ միայն կապված չէ։ Դա այն է, որ մենք այս տարածաշրջանում կապրենք թշնամի լինելով, և մենք թշնամական միջավայրում, իսկ դրսից կգան, մեզ կօգնեն, որպեսզի մենք մեր թշնամիներին հաղթենք։
Դա պատմության ընթացքում՝ 1860-ականներից մինչև 2022 թվականը, ցույց է տվել այդ բանաձևը, որ դա չի աշխատում և չի աշխատելու։ Քիչ չի՝ դրա վերջը պետականության կորուստն է։
Մենք՝ որպես հին դաշնակցականներ, գոնե լավ է, որ հասկացել ենք, որ մի իքս պահի պետք է կանգ առնենք։ Եվ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կանգ ենք առել»,- նշեց վարչապետը։
Էդուարդ Աղաջանյանն արձագանքեց՝ նշելով, որ այդ հարցում համաձայն չէ Փաշինյանի հետ։
«Այնուամենայնիվ, եթե մեզ նախկինում համեմատեմ Սամվել Կարապետյանի և իր թիմակիցների հետ, այս առումով թերևս Ձեզ հետ չեմ համաձայնվի, որ մենք նույն մակարդակներում գտնվող դաշնակցականներ էինք»,- ասաց նա։
Փաշինյանն արձագանքեց՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի գործոնին։
«Գիտեք ինչ, Սամվել Կարապետյանի դեպքն այս պրոցեսում, կարծում եմ, այդքան էլ կիրառելի չէ, որովհետև ինքը նախ՝ քաղաքական մարդ չէ, քաղաքական գործունեությամբ չի զբաղվել, չի էլ մտածել, որ զբաղվի։
Ինքը ուղղակի կոնկրետ հանձնարարություն է կատարում, որը իրեն տրվել է մարդկանց կողմից, որոնք ինձ հայտնի են։ Այսինքն՝ այս դեպքում քաղաքականության մասին չի խոսքը։ Կոնկրետ միսիա է, որի մուրազը, ինչպես ասում են, փորում մնաց, և դա իմ ասած ընդհանուր համատեքստի հետ կապ չունի։
Ի միջի այլոց, ասեմ ձեզ՝ օլիգարխիական քաղաքականության առանձնահատկությունը գիտե՞ք որն է։ Այն, որ պարտադիր չէ, որ օլիգարխները հասկանան, թե ինչ են ասում և ինչ են անում քաղաքականության մեջ։
Ես կարծում եմ, որ ձեր նշած դեպքը՝ կոնկրետ Սամվել Կարապետյանի դեպքը, հենց այդ շատ տիպիկ օրինակներից է»,- ասաց վարչապետը։