«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ միացրեց տեսանյութ, որտեղ ԼՂ-ից տեղահանված ընտանիքը հայտնում էր, որ բնակվարձերի աճի պատճառով տեղափոխվում է ԼՂ ներկայացուցչության շենք։
«Ո՞վ է պատասխանատու այս կարևորագույն հարցի համար, ի՞նչ լուծում եք տեսնում»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց նա։
«Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդին։ Ձեզ ինչո՞ւ է թվում՝ Հայաստանում ուրիշ մարդ չկա, որ տուն չունի։ Ինչո՞ւ են, ինչպես Դուք եք անվանում, Ղարաբաղի ներկայացուցչություն տեղափոխվում, թող ձեր տուն տեղափոխվեն։ Հիմա ով բնակվարձի խնդիր ունի, որտեղ ուզում է կարող է գնա՞լ, մտնե՞լ, սա՞ է ձեր տրամաբանությունը։ Երբ որ մարդիկ գան ձեր տուն մտնեն, ոստիկանություն չկանչեք»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով ԼՂ ներկայացուցչությանը՝ Փաշինյանը նշեց. «Հայտարարում եմ՝ երկու պետություն, երկու կառավարություն չի կարող լինել, չի կարող լինել Հայաստանում ձեր անունով նշված կառույց, և նա միանշանակ պետք է անցնի ՀՀ-ի տնօրինությանը։ Այստեղ սեթևեթելու բան չկա։ Ես՝ որպես ՀՀ վարչապետ, ասում եմ՝ պետության մեջ երկրորդ պետություն կամ երկրորդ կառավարություն, երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են։ Ասում եմ հստակ, որ լինի ծայրահեղ հասկանալի»։
Ինչ վերաբերում է բնակվարձերի հետ կապված խնդիրներին, ապա Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում մեկ բնակավայր չէ, որ գոյություն ունի։
«Երևանը չի, և Երևանի Կենտրոնն ու Արաբկիրը չեն։ Հայաստանում տասնյակ բնակավայրեր կան, որտեղ ազատ տներ կան, և մենք պատրաստ ենք մարդկանց աջակցելու և աջակցում ենք արդեն հազարավոր ընտանիքների։ 8000 ընտանիք ստացել է վկայագիր, որոնցից 4000-ն արդեն իրենց տունն առել են։ Ղարաբաղի փախստական մեր քույրերին և եղբայրներին մենք 800 մլրդ հատկացում ենք անում, որ նրանց բնակարանային խնդիրները լուծենք։ Դուք ձեր շեշտադրումներով մի գրգռեք մարդկանց այդ թեմաների շուրջ»,- նշեց վարչապետը։
«Ես իմ առաջարկը արել եմ այդ ընտանիքին, բայց ես ի վիճակի չեմ 150 հազարին իմ 2 սենյականոցում տեղավորել, բայց դուք, օրինակ, ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել»,- ասաց Արեգա Հովսեփյանը։
«Դե ուրեմն, եթե խոսակցությունն այդ ուղղությամբ գնաց, պատասխանեք այդ հարցին՝ ինչո՞ւ է, որ դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում 2 սենյականոց բնակարան ունեք, մյուս 100 հազարը չունեն։ Կառավարական դաչաները, ինչպես ասում եք, իմը չեն, Հայաստանի Հանրապետությանն են։ Այդ կառավարական դաչաներում ձեր ղեկավարներն են ապրել, որոնց ժամանակ անտուններ են եղել, նրանցից առաջ էլ են ապրողներ եղել։
Բա ինչո՞ւ դուք, ղարաբաղցի լինելով, Երևանում ունեք 2 սենյականոց տուն, ուրիշները՝ 3։ Նույնիսկ մարդիկ կան, որ շենքեր ունեն Երևանում։ Ղարաբաղի նախկին ղեկավարների շենքերը տվեք, թող մարդիկ ապրեն, տասնյակ շենքեր ունեն, տասնյակ հյուրանոցներ ունեն, տվեք թող ապրեն, և ՀՀ-ն իր գույքով վճարելու կարիք չունի։ 800 մլրդ դրամ հատկացում է արված, թող մարդիկ գնան այդ հատկացումներից օգտվեն»,- նշեց վարչապետ Փաշինյանը։