ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձավ տրանսպորտային միջոցներից կատարվող գողություններին։
«Հիմա մենք տեսնում ենք, որ անչափահասների ներգրավմամբ են հանցավոր խմբեր գործում և իրականացնում են ոչ թե գողություն, այլ շորթում, որովհետև գողանալուց հետո պահանջում են դրամ, որպեսզի այդ մեքենայի պահեստամասերը վերադարձնեն։ Հարյուրավոր քաղաքացիներ կան, եթե ոչ ավել, որոնց մեքենաներից արդեն երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ են գողություններ իրականացվում՝ անչափահասների ներգրավմամբ։ Խնդրում եմ՝ ասեք ձեզ հայտնի վիճակագրությունը, և ինչպե՞ս ենք պատկերացնում այս հանցատեսակի դեմ պայքարը»,- ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հարցրեց նա։
Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովի ընթացքում օրենսդրական նախաձեռնությամբ ավտոմեքենաներից կատարված հափշտակությունների համար նախատեսվել է ավելի խիստ պատժամիջոցների քաղաքականություն, և նման արարքները դասակարգվել են որպես միջին ծանրության հանցագործություններ։
Անդրադառնալով վիճակագրությանը՝ Սարգսյանը հայտնեց, որ 2025 թվականին արձանագրվել է 1590 դեպք, իսկ 2026 թվականի առաջին վեց ամիսներին՝ 920 դեպք։
«Եթե համեմատենք 2025 թվականի առաջին կիսամյակը և 2026 թվականի առաջին կիսամյակը, 462 դեպքով նվազում ունենք, որը կազմում է 33.4 տոկոս»,- ասաց նախարարը։
Սարգսյանն ընդգծեց, որ թվերից բացի կարևոր են նաև կիրառվող մեթոդաբանությունն ու կայացված որոշումների արդյունավետությունը։
«Վստահ եմ՝ Ազգային ժողովի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի մենք կարողանանք նվազման որոշակի ազդակներ ունենալ։ Ես չեմ ասում՝ միտումներ, որովհետև դեռ վաղ է գնահատել միտումները, բայց ազդակներ ունենալ»,- նշեց նա։
Նախարարի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում բացահայտվել է նմանատիպ գողություններ կատարող 37 խումբ, մինչդեռ 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 43 նման խումբ։
Նա դա, մասնավորապես, կապեց պարեկային ծառայության աշխատանքի ինտենսիվության հետ։
«Վերջերս մենք նաև փարոսիկների անջատված կամ միացված լինելու քաղաքականությունը փոխեցինք, և կարևոր փոփոխությունը, թերևս, Ոստիկանության գվարդիայի կողմից հետիոտն կարգախմբերի տեղաշարժն է ամբողջ հանրապետությունում»,- ասաց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ դեռ վաղ է կանխատեսել, թե ինչ արդյունքներ կարձանագրվեն տարեվերջին, սակայն առկա պատկերը, իր գնահատմամբ, վկայում է կայացված որոշումների արդյունավետության մասին։
«Պիտի շարունակենք այս ուղղությամբ աշխատանքը, և եթե կարիքը լինի անդրադառնալու նաև կրկին սանկցիոն քաղաքականությանը, միասին կանդրադառնանք նաև այդ օրենսդրական հնարավոր փոփոխություններին»,- նշեց նախարարը։
Սարգսյանն անդրադարձավ նաև գործերի դատական հեռանկարներին՝ նշելով, որ կան կրկնահանցագործության դեպքեր։ Նրա խոսքով՝ որոշ անձինք գտնվում են կալանքի տակ, իսկ մի մասի նկատմամբ կիրառվել են ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ։
«Կարծում եմ՝ այս ընդհանուր համալիր փոփոխություններով, պլյուս նաև վերջերս Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ որոշակի ողջամիտ ժամկետում գործի քննության ապահովման տեսանկյունից մեր կատարած օրենսդրական փոփոխությունները պիտի թույլ տան արդեն տարեվերջին դրական պատկեր ունենանք»,- ասաց ՆԳ նախարարը։
Նա հավելեց, որ տարվա վերջում ամփոփումների արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե այս ուղղությամբ լրացուցիչ ի՛նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել։