Քաղաքական այս տեսլականն այս ընթացքում և հիմա էլ տեխնիկատնտեսական ու ֆինանսական ուսումնասիրությունների փուլում է: Եթե հաշվարկներն արված ավարտված լինեին, բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերված լինեին, նախագիծն արդեն իրագործվելիս կլիներ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե ընտրարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Ֆիոլետովոյի հատվածում անհրաժեշտ է երկաթուղի կառուցել, որը կմիացնի Վանաձորի և Գյումրու երկաթուղիները:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ հաշվարկ արվե՞լ է, թե դա ինչ տնտեսական արդյունավետություն ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում հատվում են մի քանի ճանապարհային միջանցքներ:
Փաշինյանը նախ տեղեկացրեց՝ ծրագիրը շարունակում է ուսումնասիրվել, ապա հավելեց.
«Այդ ծրագիրը նաև հարակից խնդիրներ ունի, որը կապված է այդ թվում Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի հետ: Քանի այս հարցերը հասցեագրված չեն, ոչ ոք այնպիսի տեխնիկատնտեսական հաշվարկ չի անելու, որ բոլոր հարցերի պատասխանները տրվեն, որովհետև քանի այս հարցի պատասխանը չկա, ոչ մի տեխնիկատնտեսական հաշվարկ մնացած հարցերի պատասխանը չի տալու»: