«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենը Քյարքի կոչելուն և հարցրեց՝ ո՞ր բնակավայրն է պատրաստվում «հանձնել»։
«Ադրբեջանական տեղանունների օգտագործմամբ ես լեգիտիմացրել եմ ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու հայաստանյան բնակավայրերը։ Այլ բան, որ դա հասկանալու համար որոշակի հմտություններ են անհրաժեշտ։ Ովքեր չեն հասկանում դա, ըստ ամենայնի, ունեն այդ հմտությունների պակասը,- նշեց Փաշինյանը և ավելացրեց,- ՀՀ ինքնիշխան տարածքը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը, սակարկման ենթակա չի եղել և ենթակա չի կարող լինել»։
«Պարոն Փաշինյան, հստակ ասեք Հայաստանի պետական շահի կարմիր գիծը, որի դեպքում Ադրբեջանը Ձեզ առաջարկելու է, ու Դուք հստակ ասելու եք՝ ոչ»,- ասաց պատգամավորը։
«Նախ ես հիշեցի, որ Դուք այն պատգամավորն եք, որ նիստում ասել եք՝ պարոն վարչապետ, տարել են Ձեզ, անկյուն են կանգնեցրել։ Հիմա հարցը տալիս եք նրա համար, որ հետո էլ ասեք՝ պարոն Փաշինյան։ Ես չեմ նեղվում բացարձակապես, կարևորը՝ Ձեզ անկյուն չկանգնեցնեն։ Երիտասարդ պատգամավոր եք, հոգատար վերաբերմունք ունեմ Ձեր նկատմամբ, մի նեղվեք։
Երկրորդը՝ եթե Ձեզ «ոչ»-ն է հետաքրքրում, ես Ձեզ կարող եմ ասել՝ ոչ միայն Ադրբեջանը, այլև ձեր քաղաքական հովանավորները, երբ որ ասում են, որ Հայաստանի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և ոչ միայն ասել ենք՝ ոչ, այլև հասել ենք այդ «ոչ»-ին, և բազմաթիվ այդպիսի դեպքեր։ Այլ բան, որ մենք չենք գալիս դրա մասին տարփողում տարբեր ամբիոններից»,- նշեց վարչապետը։