ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը: ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնքի խոսքով՝ այդ զենքը նախատեսված է տիեզերական տարածությունը վերահսկելու համար և ունակ է պաշտպանել ամերիկյան ուժերը հակառակորդների թշնամական գործողություններից:
Թե կոնկրետ ինչ սպառազինության մասին է խոսքը, և որոնք են դրա հնարավորությունները, Մեյնքը չի հստակեցրել։
ԱՄՆ տիեզերական ուժերը հիմնավորել են զենքի ուղեծիր դուրս բերումը՝ վկայակոչելով Ռուսաստանի և Չինաստանի հավակնությունները։ Նշվում է, որ Պեկինը մշակում և շահագործում է տիեզերական և հակատիեզերական միջոցներ ռազմական արդիականացման ռազմավարության շրջանակներում, իսկ Մոսկվան տիեզերքը դիտարկում է որպես մարտական գործողությունների վարման ոլորտ և կարծում է, որ տիեզերքում գերազանցությունը որոշիչ գործոն կդառնա ապագա հակամարտությունների համար:
Ի պատասխան՝ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել պատերազմի նախապատրաստումը տիեզերքում: