Ռուսաստանը չի կարող երաշխավորել Սիրիայի երկնքում թուրքական ռազմական ավիացիայի անվտանգությունը, քանի որ Դամասկոսը փակել է Իդլիբ նահանգի օդային տարածքը, «ՌԻԱ Նովոստին» մեջբերել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուրավլյովի խոսքերը:
Դամասկոսը զգուշացրել է, որ օդային տարածքի ցանկացած խախտում կընկալվի որպես թշնամանք:
Թուրքիայի զինված ուժերը նախօրեին գրոհել էին Իդլիբում Սիրիայի կառավարական բանակի վրա, խոցել սիրիական օդուժի երկու ինքնաթիռ: Դանասկոսը հայտարարել է, որ այդ հարձակումներով Թուրքիան «բառացիորեն փրկում է ահաբեկիչներին սիրիական բանակի հարձակումներից»:
Ըստ թուրքական կողմի՝ փետրվարին սկսված ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է 33 թուրք զինծառայող, բայց և հաջողվել է վերացնել սիրիական բանակի 2212 զինծառայողի: Լոնդոնում գործող մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալով, սակայն, Սիրիայի կառավարական ուժերի կորուստը 74 զինվոր է: