Այսօր Թբիլիսիի թիվ 1 դպրոցի աշակերտները բողոքի ցույց են անցկացրել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց: Նրանք հանդես են եկել «FUCK THE LAW», «Էս կյանքի մերը…» պաստառներով և պահանջել պատժել մեղավորներին ու իրենց ցավակցությունն են հայտնել 15-ամյա Լուկա Սիրաձեի մահվան կապակցությամբ։
Ցավակցություն է հայտնել նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Նա հրահանգել է Վրաստանի ներքին գործերի, առողջապահության, կրթության և արդարադատության նախարարություններին՝ զբաղվել տվյալ ոլորտներում համակարգային թերությունների վերացմամբ, անչափահասների հետ մասնագիտական աշխատանքի, երեխաների իրավունքների պաշտպանության ապահովմամբ: Ըստ տեղեկության՝ կտրուկ վատացել է դեռահասից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու մեղադրանքով ձերբակալված քննիչ Մարիանա Չոլոիանիի առողջական վիճակը, և նա տեղափոխվել է հիվանդանոց:
Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից՝ Քութայիսի քաղաքապետարանը չեղյալ է հայտարարել բոլոր տոնական միջոցառումները, հիմնական տոնածառը հանդիսավոր կերպով չի լուսավորվի: