Վրաստանում մարդիկ նորից փողոց են դուրս եկել, այս անգամ՝ 15-ամյա պատանու ինքնասպանության պատճառով: Լուկա Սիրաձեին մի քանի օր առաջ որպես վկա հարցաքննել էին «Կանաչ դպրոցի» գործով՝ պատերին արված «Էս կյանքի մերն էլ…» գրության համար: Հարցաքննությունից հետո անչափահասը ինքնասպանության փորձ է կատարել, ցած է նետվել բնակելի շենքի իններորդ հարկից: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ցուցարարները բողոքի ակցիային մասնակցել են «Էս կյանքի մերն էլ…» և «Մարդասպաններ» պաստառներով: 15-ամյա դեռահասից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու մեղադրանքով ձերբակալվել է քննիչ Մարիանա Չոլոիանին: Ենթադրվում է, որ նա հոգեբանական բռնություններ և սպառնալիքներ է կիրառել երեխայի նկատմամբ:
«Ուշացած ձերբակալություն է: Քննիչին, որը մեղավոր է անչափահասի մահվան մեջ, որն անձամբ է բռնություն գործադրել երեխայի նկատմամբ, ձերբակալում են միայն նրա մահից հետո»,- ասել է ցուցարարներից մեկը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել. «15-ամյա երեխայի մահը ևս մեկ մեծ ողբերգություն է մեր հանրության համար: Ես կիսում եմ անչափահասի ընտանիքի և ընկերների տխրությունը: Թող Աստված ձեզ համբերություն տա այս դժվար րոպեներին»: