Մեկ ամիս առաջ մեկնարկել են Դիարբեքիրի կենտրոնական Սուր շրջանում գտնվող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս անգամ վերանորոգումը ձեռնարկել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը, տեղեկացնում է Ermenihaber-ը:
Սուրի թաղապետ Աբդուլլահ Շիֆթչին հայտարարել է, որ այդ շրջանում գտնվող 4 եկեղեցիների համար ընդհանուր 30 միլիոն թուրքական լիրա (շուրջ 5 մլն դոլար) է հատկացվել։ Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2020 թ․ վերջին։
Ավելի վաղ՝ 2011 թ․ երկարատև լքվածությունից հետո եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էր եկեղեցու հիմնադրամի և Դիարբեքիրի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։ Սակայն 2015 թ․ վերջին և 2016 թ․ առաջին կեսին Սուրում տեղի ունեցած բախումների ընթացքում և դրանցից հետո եկեղեցին հայտնվել էր կիսավեր վիճակում։ Շինության պատերին խոշոր անցքեր էին գոյացել, տանիքը վնասվել էր։
Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, կառուցվել է 1376-ին։ Այն գտնվում է քաղաքի կենտրոնական՝ հայաշատ Ֆաթիհփաշա թաղամասում։ Մինչև «Տեղահանության օրենքի» հրապարակումը՝ 1915 թ․ մայիսի 27-ը, եկեղեցին շահագործվել է հայերի կողմից։ Հայոց ցեղասպանության հետևանքով լքված այս աղոթատեղին Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում որպես ռազմական շտաբ է ծառայել, իսկ ավելի ուշ թուրքական Sümerbank-ի կողմից օգտագործվել է որպես բամբակի պահեստ։
Շուրջ 3 000 քմ տարածք զբաղեցնող եկեղեցին վերաբացվել էր 1960-ականներին, սակայն 1980-ական թվականներին շրջանում բնակվող հայերի թվի խիստ պակասելու հետ այն կրկին բարձիթողի վիճակում էր հայտնվել։ Գանձախույզների թիրախում հայտնված պատմական կառույցը ժամանակի ընթացքում լուրջ վնասներ էր կրել, և միայն 2011 թ․ տեղի հայերի ջանքերով վերանորոգվել ու վերաբացվել էր։ Իրենց կրոնին ու ազգային ինքնությանը վերադարձած մեծ թվով հայերի համար կարևոր հավաքատեղի դարձած Սուրբ Կիրակոս եկեղեցին 2015-2016 թթ․ Թուրքիայի ներքին քաղաքական բախումների հետևանքով բավական երկար ժամանակով կրկին փակվել էր և անհասանելի դարձել հայ համայնքի համար։
.jpeg)
.jpeg)