Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել իր երկրի ներքին գործերի նախարարի արտահայտության համար՝ ուղղված Ֆինլանդիայի նորանշանակ վարչապետին: Էստոնիայի ներքին գործերի նախարար Մարտ Հելմեն, մեկնաբանելով Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի նշանակումը, հիշել է Լենինի խոսքերն այն մասին, որ ցանկացած խոհարարուհի կարող Է դառնալ նախարար: Ֆինլանդիայում էլ վաճառողուհին է դարձել վարչապետ:
Սաննա Մարինն էլ պատասխանել է, թե ինքը հպարտ է, որ աղքատ խավը իր երկրում հնարավորություն ունի կրթություն ստանալ և շատ բանի հասնել կյանքում: Էստոնիայի խորհրդարանի ընդդիմությունը պատրաստվում է անվստահություն հայտնել երկրի ներքին գործերի նախարարին: Նրանք վրդովված են, որ ո՛չ վարչապետը, ոչ էլ նախարարը Ֆինլանդիայի կառավարությունից ներողություն չեն խնդրել այդ հայտարարության համար: