Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների համար ժամանակավոր առևտրի ազատականացման միջոցների սահմանմանը։ Որոշումը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրների պայմաններում։
Նախատեսվող միջոցները կազատականացնեն դեպի ԵՄ Հայաստանի արտահանման շուրջ 80 տոկոսը։ Միաժամանակ նախատեսվում են պաշտպանական մեխանիզմներ՝ ԵՄ շուկայի արտադրողներին հնարավոր բացասական ազդեցությունից պաշտպանելու համար։
Որոշման կապակցությամբ ԵՄ խորհրդում նախագահող Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն ՄաքԷնթին հայտարարել է. «Եվրոպան կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին, որոնք ընտրել են բարեփոխումների և Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության հստակ ուղի։ Այսօրվա որոշումը հստակ ուղերձ է. երբ մենք բախվում ենք տնտեսական հարկադրանքի, ԵՄ-ն արձագանքելու է։ Մենք կստեղծենք նոր հնարավորություններ և կկանգնենք մեր գործընկերների կողքին»։
Նոր կարգավորմամբ նախատեսվում է ժամանակավորապես կասեցնել ներմուծման մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն շրջանակի համար, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների՝ սակագնային քվոտաների պայմաններում։
Միջոցները կգործեն երկու տարի՝ կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո։ Դրանք կներառեն Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի մոտ 99 տոկոսը, ինչպես նաև խմիչքների և սպիրտային արտադրանքի ավելի քան 91 տոկոսը։
ԵՄ-ն նշում է, որ միջոցների նպատակը նաև ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունների ամրապնդումն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) համապատասխան։
Միաժամանակ արտոնությունների տրամադրումը պայմանավորված է Հայաստանի կողմից ծագման կանոնների պահպանմամբ, ԵՄ-ի հետ վարչական համագործակցությամբ, ԵՄ ներմուծման նկատմամբ նոր առևտրային սահմանափակումներ չսահմանելով և CEPA-ի հիմնարար դրույթները, այդ թվում՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների սկզբունքները հարգելով։