Քիշնևի կողմից չվերահսկվող Դնեստրի ձախ ափի ավելի քան 60 հազար բնակիչ պարզեցված ընթացակարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին։
Մայիսի կեսերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով պարզեցվել է Մերձդնեստրի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելը: Հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության համար կարող են դիմել տարածաշրջանի բոլոր չափահաս բնակիչները՝ առանց մի շարք լրացուցիչ պահանջների կատարման, ինչպիսիք են ռուսաց լեզվի կամ Ռուսաստանի պատմության քննություն հանձնելը։ Ռուսական անձնագրեր են տրամադրվում նաև Մերձդնեստրի ծնողազուրկ երեխաներին՝ նրանց խնամակալների դիմումի հիման վրա։
Նմանատիպ հրամանագիր Պուտինը ստորագրել է 2019 թվականին ՝ պարզեցնելով Ուկրաինայի արևելքում, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելը:
Մերձդնեստրը Մոլդովայի մաս է կազմում՝ Դնեստրի ձախ ափին: Այն անկախություն է հռչակել 1990 թվականին, բայց չի ճանաչվել ՄԱԿ-ի որևէ անդամ պետության կողմից: Տարածաշրջանում է գտնվում ռուսական զորքերի օպերատիվ խումբը։ Ինքնահռչակ հանրապետությունում ապրում է մոտ 470 հազար մարդ։