Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը պարզեցնում է չճանաչված Մերձդնեստրի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը, իրականում կարող է լինել տարածաշրջանի բնակչությանը գաղտնի մոբիլիզացնելու փորձ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում կռվելու համար։ «Նրանց պարզապես ավելի շատ մարդիկ են պետք՝ Ուկրաինայում պատերազմ ուղարկելու համար», - Սանդուի խոսքերն է մեջբերել Politico-ն։ Պետության ղեկավարը նաև կարծում է, որ սա կարող է լինել Կրեմլի մարտավարություններից մեկը՝ ուղղված Մոլդովայի վրա ճնշում գործադրելուն, Մերձդնեստրի վերաինտեգրմանն ուղղված ջանքերի լույսի ներքո։
Նախագահը շեշտել է, որ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր տարածաշրջանի բնակիչների մեծ մասը նախընտրել է ստանալ մոլդովական անձնագրեր, քանի որ կարծում է, որ «մոլդովական քաղաքացիությամբ ավելի անվտանգ կլինեն, քան Ռուսաստանի քաղաքացիությամբ»։ Հարցին, թե արդյոք Պուտինը կարող է խոչընդոտել Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Մերձդնեստրի հարցի պատճառով, Սանդուն պատասխանել է. «Միայն ԵՄ-ն կարող է որոշել՝ Մոլդովան կդառնա՞ ԵՄ մաս, թե՞ ոչ։ Ռուսաստանը դրա հետ կապ չունի»։
Մայիսի 15-ին Պուտինը ստորագրել է «Մերձդնեստրի բնակիչներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին» հրամանագիրը։ Փաստաթղթում նշվում է, որ այն ընդունվել է «մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով» և հիմնված է «միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների» վրա։
Հրամանագրի համաձայն՝ պարզեցված եղանակով ռուսական անձնագիր ստանալու իրավունք են ստանում օտարերկրյա քաղաքացիները և 18 տարեկանից բարձր քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրը համարվում են Մերձդնեստրի մշտական բնակիչներ: