Կուբայի նախագահը հայտարարել է, որ բանակցություններ են սկսել ԱՄՆ իշխանությունների հետ։ Միգել Դիաս-Կանելի խոսքով՝ փորձում են հարթել երկկողմ տարաձայնությունները երկխոսության միջոցով:
Նախագահի հայտարարության ֆոնին Կուբայի ԱԳՆ-ն էլ տեղեկացրել է, որ կառավարությունը Վատիկանի միջնորդությամբ ազատ է արձակում 51 բանտարկյալի։ Ակնկալվում է, որ նրանց շարքում են լինելու նաև քաղբանտարկյալներ:
Վերջին շաբաթներին Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ Իրանից հետո կարող են գործողություն իրականացնել Կուբայում: ԱՄՆ նախագահը «բարեկամական զավթում» է որակել հնարավոր գործողությունները՝ շեշտելով Հանրապետությունում իշխանափոխության անհրաժեշտությունը:
Կուբայում հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել, երբ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո դադարեցվել են Վենեսուելայից նավթի մատակարարումները, ինչը հանգեցրել է տնտեսական խնդիրների: Այդ ֆոնին երկրում ցույցեր են սկսվել: Լուրեր են շրջանառվում, որ մարտի 14-ի գիշերը բողոքի ակցիայի մասնակիցներն այրել և զավթել են Սիեգո դե Ավիլա նահանգում Կոմկուսի տեղական գլխավոր գրասենյակը։ ԶԼՄ-ների տվյալով՝ քաղաքացիները պահանջում են ելքեր գտնել էներգետիկ աննախադեպ ճգնաժամից, որի հետևանքով արդեն մի քանի օր է՝ լույս չունեն: