Մեկ անձից գնման ընթացակարգը նախատեսված է օրենքով և ունի կիրառման հստակ պայմաններ և սահմանափակումներ: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով պատգամավորների հնչեցրած մտահոգություններին ու դիտարկումներին:
Նրա խոսքով՝ այլ հարց է, որ ցանկացած իրավական գործիք կարող է ենթարկվել չարաշահումների:
«Մենք հետևողական և ակտիվ աշխատանք ենք իրականացնում գնման գործընթացներում առկա ռիսկերի բացահայտման, շահերի բախումների հայտնաբերման, ինչպես նաև ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ տվյալների ստուգման և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտարարեց Արթուր Նահապետյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտնեց՝ այս աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով հետախուզական վարչություններին զուգահեռ 2025-ին ստեղծվել է տեղեկատվական-վերլուծական բաժին:
«Վերջինիս առաքելությունն է պետական և ՏԻՄ մարմիններում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով, ի թիվս այլնի, վեր հանել նաև գնման գործընթացներում առկա հնարավոր կոռուպցիոն երևույթները պետական-իրավական արձագանքի և հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման համար: Ավելին՝ արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվում այս գործընթացում թվային տեխնոլոգիաների, այդ թվում նաև արհեստական բանականության գործիքակազմի ներդրման ուղղությամբ, ինչը թույլ կտա մեծածավալ և բազմազան տվյալներ վերլուծել կարճ ժամանակահատվածում, հայտնաբերել թերություններ, շահերի բախումներ կամ այլ թիրախային տվյալներ»,- նշեց Նահապետյանը:
Եզրափակիչ ելույթում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նաև շնորհակալություն հայտնեց հակակոռուպցիոն պայքարում խնդիրների վերհանմանն ուղղված ու հանրային մտահոգություններ արտահայտող ելույթների համար:
«Ձեր առաջարկներն ու մտահոգությունները կարևոր ներդրում են հակակոռուպցիոն պայքարում մեր աշխատանքի արդյունավետության բարձրացման համար»,- ընդգծեց զեկուցողը: