Հակակոռուպցիոն կոմիտեն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ակտիվ աշխատում է ընտրական հանցագործությունների հայտնաբերման, դրանց նախականխման, բացահայտման ուղղությամբ: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ ասաց կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե ընտրախախտումների վերաբերյալ կա՞ն արձանագրված դեպքեր:
«Այս պահին կխուսափեմ արձանագրված դեպքերի վերաբերյալ տվյալներ ներկայացնել, քանի որ գտնվում են գաղտնի ստուգողական գործողությունների մեջ շատ դեպքերում:
Բայց ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր հնարավոր ընտրական հանցագործությունները Հակակոռուպցիոն կոմիտեում մանրամասն ուսումնասիրվում են: Այդ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները, մամուլում տարածված տվյալները մանրակրկիտ ուսումնասիրվում են, և բոլորի առնչությամբ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ունենալու ենք քրեադատավարական ընթացակարգեր»,- ասաց նա: