ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ելույթի սկզբում դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին, հորդորեց չլքել նիստերի դահլիճը:
«Հաճելի չի արդեն ձեր աթոռների հետ խոսելը»,- ասաց Կոնջորյանը:
Դիմելով ընդդիմադիր գործընկերոջը՝ առաջարկեց՝ Դաշնակցությունը խորհրդարանական ընտրությանը գնա միայնակ:
«Կարո՞ղ եք: Դուք ասելիք չունե՞ք մեր ժողովրդին: Բա 135-ամյա Դաշնակցությունը կգնա՞, կմտնի՞ 71-ամյա Քոչարյանի թևի տակ: Դա ձեզ սազո՞ւմ է, ժողովուրդ, բա դուրս եկեք էդ թևի տակից: Որպես 135-ամյա կուսակցություն՝ ձեր խոսքը, ձեր ասելիքն ասեք, կամ ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը Դաշնակցության հետ: Դուք սոցիալիստական ուժ եք, Քոչարյանից Դատախազությունը 200 միլիոնի թալան է պահանջում: Դուք ի՞նչ կապ ունեք»,- հայտարարեց Կոնջորյանը՝ հավելելով, թե նրանք այն մարդկանց շահերի պաշտպանն են, ումից այդ գումարը թալանվել է:
Նրա խոսքով՝ Դաշնակցությունը ժողովրդին, իր ընտրազանգվածին թողել, այդ ժողովրդին թալանողի կողքին է կանգնում:
«Պարոն Մինասյանն ասում է՝ Աստծուց վախեցեք: Պարո՛ն Մինասյան, այդ դուք եք Աստծուց վախենում (նկատի ունի Դաշնակցությանը - խմբ.), բա Աստծուց վախեցողը Քոչարյանի հետ բառ կփոխանակի՞: Հրաշալի եռամիասնություն է՝ Դաշնակցություն, Կտրիճ Ներսիսյան և Ռոբերտ Քոչարյան»,- ասաց Կոնջորյանը:
Դիմելով ընդդիմադիրներին՝ հիշեցրեց՝ երբ նրանք խոսում են կոռուպցիայից ու կոռուպցիայի դեմ պայքարից, թող հիշեն՝ Հայաստանում ստեղծվել էր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի ղեկավարը Հովիկ Աբրահամյանն էր, որը այսօր մեղադրվում է ապօրինի գույքի բռնագանձման օրենքով:
Ինչ վերաբերում է պարգևավճարների վերաբերյալ ընդդիմադիրների մեղադրանքներին՝ Կոնջորյանն ընդգծեց՝ իրենք ոչ թե կաշառում են, այլ դա վարձատրություն է:
«Որքանո՞վ է բարոյական ստանալ այդ վարձատրությունը, տանել ծախսել, հետո գալ այստեղ խոսել այնպես, կարծես դուք դրա հետ կապ չունեք: Իհարկե, անարդար է, որ դուք ստացել եք, բայց օրենքի պահանջ է»,- ասաց Կոնջորյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի մեջ թաթախված լինելու՝ ընդդիմադիրների մեղադրանքներին՝ հակադարձեց՝ նրանք են նստած կոռուպցիայի մեջ:
«Դուք կոռուպցիայի փաստաբաններն եք, դուք սատանայի փաստաբաններն եք, հարգելի՛ գործընկերներ: Օրենքներն էլ տանում եք ՍԴ՝ փորձելով վիճարկել»,- նշեց նա:
Կոնջորյանը մեկ ուրիշ փաստի վրա հրավիրեց ուշադրությունը՝ 2025-ի առաջին կիսամյակի տվյալներով, 2018-ի համեմատ, Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են 2 միլիարդ դոլարով: Տարեկան կտրվածքով՝ 5 միլիարդ դոլարով: Այդ 5 միլիարդը ձեր չթալանածն է: Այդ 5 միլիարդը այդ բոլոր ապօրինի թալանված գույքերն են, որ չեն թալանվել և դարձել են կենսաթոշակներ, որ հիմա բարձրացնում ենք, դարձել են առողջության ապահովագրություն, դպրոցներ և մանկապարտեզներ, դառնալու է Ակադեմիական քաղաք, որի դեմ դուք խաչակրաց արշավանք եք անում: Սա՛ է մեր ու ձեր տարբերությունը»,- խոսքը եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը: