Ի՞նչ կա արված, որ չի արվել նախկինում և արվում է հիմա: Վարչապետը չի՞ գնացել մարզերով, գյուղերով, որևիցե ձևով հետաքրքրություն չի՞ ստեղծել իր շուրջ համացանցում, ի՞նչ նոր բան է արվում, որն առաջ չի արվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ պարզապես հիմա ինտենսիվ են այցերը՝ շաբաթ-կիրակի օրերին:
«Տեսնում եք, որ ներկուսակցական շատ ուժեղ պայքար է գնում, քննարկում ենք այդ պայքարը, ընտրություններ են տեղի ունենում: Դա որոշ երկրներում ընդունված պրակտիկա է: Օրենքը չի խախտվում: Դա ներկուսակցական քարոզարշավ է»,- ասաց Սիմոնյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավին, որը նախորդ կիրակի օրը անցկացվել էր Լոռու և Տավուշի մարզերում:
Նա չհամաձայնեց լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նրանք քարոզարշավի շրջանակում շփվում են մարդկանց հետ ու կաշառում նրանց:
Որպես ապացույց՝ Սիմոնյանը նշեց՝ երբ մարդիկ մոտենում են վարչապետ Փաշինյանին, նա ասում է՝ այդ մասին չեն կարող հիմա խոսել, բայց վարչապետը չի կարող չկանգնել և չզրուցել մարդկանց հետ, որոնք դա ցանկանում են:
«Ես հասկանում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի համար, որն ասում էր վերջերս՝ հաճելի չէ մարդկանց հետ շփվել, մեր վարչապետին հաճելի է դա անելը, և մարդկանց էլ հաճելի է շփվել ՀՀ վարչապետի հետ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՔՊ-ի համար սոցհարցումների արդյունքները մտահոգիչ են եղել, դրա համար է իշխանությունը հայտարարում՝ Գյումրի-2 սցենար թույլ չի տալու, Սիմոնյանն ասաց.
«Այն բոլոր մարդիկ, որոնք ակնկալում են Գյումրի-2 սցենարին, «ռաստվելու են» շատ հաստ Վաղարշապատ-2-ին»: