Ռոբերտ Քոչարյանը թող կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել: Ակնհայտ է, որ «Հայաստան» խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից: Այնտեղ Դաշնակցությունն է վերցրել իշխանությունը, և մնացածը պարզապես սատելիտ են: Այս խոսքերով խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ինքը կկարողանա երկիրը ամենից լավ ղեկավարել:
«Հասկանում եմ՝ շատերը մոռացել են, թե Քոչարյանն իր ղեկավարման տարիներին ինչեր է արել, բայց ով-ով, Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի: Նա այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ինքը հատելո՞ւ է շեմը Դաշնակցության հետ ու հայտնվելու է խորհրդարանում, թե ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ըստ ԱԺ նախագահի ունեցած տվյալների՝ Քոչարյանն այդ խնդիրը միանշանակ ունի:
«Այսօր ակնհայտ է, որ գալիք ընտրություններին այդ 21 տոկոսի առյուծի բաժինը այլևս Քոչարյանին ձայն չի տալու, տալու է այլ ընդդիմադիր կուսակցությանը»,- նշեց նա՝ հավելելով, թե այդ մասին Ռոբերտ Քոչարյանը քաջատեղյակ է:
«Դրա համար ասուլիս է տալիս և իրեն առաջարկում է որպես վարչապետի թեկնածու, բայց ինքը խորհրդարան անցնելու խնդիր ունի, թող դրանով զբաղվի»,- ավելացրեց Ալեն Սիմոնյանը: