Մեկ այլ կարևոր փոփոխություն ունենք, որը կարող է շահագրգռել մեր պատանիներին դառնալ զինվորական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում նշել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Այն է, որ կուրսանտները, ովքեր ավարտում են ռազմական ակադեմիան, այսուհետ կհամարվեն ատեստավորված, և սա կնշանակի, որ նրանք կարող են գերազանց ատեստավորման պարագայում վաստակել 621,000-ից մինչև 750,000 դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ մինչև 750,000 դրամ աշխատավարձ, բնակարան և սոցիալական այնպիսի երաշխիքներ, ինչպիսին է, օրինակ, առողջապահության ապահովագրման համակարգը։
Կարծում եմ՝ սրանք այն մինիմալ հնարավորություններն են, որ պետությունը ստեղծում է սպայի համար։ Էլ չեմ խոսում նրա մասին, որ երիտասարդ սպաները կարող են վերապատրաստվել հետագայում և իրենց մասնագիտության մեջ հմտանալ աշխարհի տարբեր ռազմական ուսումնական հաստատություններում և իրենց կարևոր տեղը զբաղեցնել զինված ուժերում՝ Հայաստանի Հանրապետության բանակում»,-նշել է նա։