ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ-ում ներկայացնելով ընդդիմության ներկայացուցչի հարցը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ կլիներ, եթե պետական պարտք չլիներ:
«Ընդհանուր առմամբ ասեմ, որ մենք մի մոդել ենք կիրառել այս վերլուծությունը անելու համար. վերաբերում է պարտքին: Սա արել ենք Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին մեթոդաբանություններից մեկով, որի վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե մենք պարտքը կապիտալ ծախսերի մեջ ներդնելով մեկ միավորի դիմաց ստանում ենք 1.4 արդյունք: Եթե մենք նայում ենք վերջին տարիներին վերցրած պարտքի չափը և համեմատում ենք մեր տնտեսական աճը, եթե այս մոդելով մենք ստանայինք արդյունք, ապա մեր տնտեսական աճը այս տարիներին պետք է լիներ 26.9 տոկոս, բայց իրականում այդ աճը 2018 թվականից սկսած ավելին է եղել 40 տոկոսից, այսինքն՝ կարելի է ասել, որ մենք այս մոդելի կիրառության արդյունքում միջին վիճակագրական արդյունք ստանալու փոխարեն ստացել ենք էլ ավելի բարձր արդյունք: Եվ ուզում եմ մեջբերել նաև այստեղ հնչեցրած մեկ այլ միտք, որ այն աճը, որ մենք ունեցել ենք վերջին տարիներին, ձևավորել է մեր համար, մեր բոլորի համար այնքան հավելյալ եկամուտ, որ մենք կարող էինք այդ ամբողջ պարտքը մարել մեկուկես տարվա ընթացքում:
Նախարարը նաև նշեց, թե ինչպիսին կլիներ ՀՆԱ-ն, եթե մինչև 2018 թվականը չլիներ կոռուպցիա:
«Ինչ վերաբերում է կոռուպցիային. այստեղ ավելի հետաքրքիր վարժություն ենք արել և վերլուծել ենք բոլոր այն երկրների ինդեքսները, որոնք ունեն կոռուպցիայի ավելի ցածր մակարդակ, նայել ենք՝ իրենց տնտեսական աճերը ինչպիսին են, ՀՆԱ-ի աճերը ինչպիսին են, և փորձել ենք մոդելավորել, հասկանալ, օրինակ՝ եթե այդ տարիների ընթացքում Հայաստանը ունենար ցածր կոռուպցիա կամ չունենար ընդհանրապես կոռուպցիա, ինչպիսին կլիներ այդ աճը, և այս վերլուծությունը մեզ ցույց է տալիս, որ, օրինակ, 2002-2008 թվականներին կոռուպցիայի և անարդարության մակարդակը տուգանել է մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն մոտավորապես 8000 դոլարով: Եթե Հայաստանում չլինեին կոռուպցիա և անարդարություն, ապա այդքանով ավելի կլիներ մեկ մարդուն բաժին ընկնող ՀՆԱ-ն»,- ասաց նա: