Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ուրբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն են հայտնել ուկրաինական ճգնաժամը կարգավորելու ԱՄՆ ջանքերին՝ ըստ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Կոռնելիուսի։
«Պետությունների և կառավարությունների ղեկավարները ողջունել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ ջանքերը, մասնավորապես՝ Ուկրաինայի ինքնիշխանության ճանաչումն ու Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամությունը»,- ասվում է Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ընդգծվում է նաև, որ ղեկավարները համաձայնել են սերտ համագործակցել միմյանց, եվրոպացի մյուս գործընկերների և Վաշինգտոնի հետ։ Նրանք նշել են, որ «եվրոպական պետություններին, ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին վերաբերող ցանկացած համաձայնագիր պահանջում է եվրոպացի գործընկերների հավանությունը կամ, ավելի ճշգրիտ՝ դաշնակիցների կոնսենսուսը»։