Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 475 անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Ռոստովի, Ռյազանի, Մոսկվայի և այլ մարզեր, Ղրիմը, Թաթարստանը, Կրասնոդարի երկրամասը, Ազովի և Սև ծովերի տարածքները: Ուկրաինական ուժերը նոր հարված են հասցրել Տուլայի մարզում Wildberries-ի պահեստի, աշխատակիցները տարհանվել են, տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ուֆայում նավթավերամշակման գործարան է հրդեհվել:
Ռուսաստանն էլ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Կիևի մարզին, այդ թվում՝ մայրաքաղաքին: Վնասվել են բնակելի կառույցներ, պահեստներ, արդյունաբերական օբյեկտներ: Վոլոդիմիր Զելենսկին տեղեկացրել է, որ վիրավորվել է 44 մարդ, զոհերի թիվը հասել է 17-ի։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ թիրախավորվել են քաղաքացիական ձեռնարկությունների պահեստներ, երկաթուղային օբյեկտներ։
Զելենսկին նաև անդրադարձել է հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերին: Նրա խոսքով՝ Կիևն ամենօրյա կապի մեջ է Սպիտակ տան ներկայացուցիչների հետ։ «Ակնկալում ենք, որ Ուիթքոֆը և Քուշներն ակտիվ կլինեն։ Աշխատանքները շարունակվում են նաև այլ գործընկերների հետ, մասնավորապես՝ Պարսից ծոցի երկրներում, որոնք կարող են աջակցել մեր դիվանագիտական ջանքերին և անվտանգային կարիքներին»,- ասել է նախագահը, հավելելով, որ այս պահին այլ մանրամասներ հայտնել չի կարող։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերթական անգամ հայտարարել էր, որ բանակցություններն ընդհատվել են Կիևի մեղքով: «Մոսկվան պատրաստ է քննարկել կառուցողական առաջարկները, սակայն դեռ որևէ արժեքավոր առաջարկ չի ստացել Արևմուտքից»,- ընդգծել էր Գալուզինը:
Մանրամասները՝ տեսաշարում: