«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակում ծրագրի շահառուներ Արմեն Աբրահամյանը և Գուրգեն Անտոնյանը, Հիմնադրամի ֆինանսավորմամբ, հաջողությամբ ավարտել են 3D մոդելավորման մասնագիտական դասընթացները՝ ձեռք բերելով աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտություն։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։

«Ուսուցման փուլին հաջորդած աշխատանքն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ էր համապատասխան տեխնիկական հագեցվածություն, որի համար էլ հիմնադրամը նրանց տրամադրել է գերհզոր պրոֆեսիոնալ համակարգիչներ։
Այս տեխնիկական աջակցությունը հնարավորություն կտա Արմենին և Գուրգենին.
• Իրականացնել բարդ ու ծավալուն 3D մոդելավորման աշխատանքներ,
• Ինքնուրույն ծավալել աշխատանքային գործունեություն,
• Ապահովել կայուն և արժանապատիվ եկամուտ։

Հիշեցնենք, որ ծրագրի հիմքում ընկած է հաշմանդամություն ձեռք բերած պատերազմի մասնակիցների կարողությունների և հմտությունների բացահայտումն ու դրա հիման վրա հնարավորությունների ստեղծումը իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։