Հնդկաստանը մոտ ժամանակներս ռուսական նորագույն Սու-57 կործանիչներ չի գնի։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը, որի խոսքը մեջբերում է The Moscow Times-ը։
Նրա խոսքով՝ Հնդկաստանը որոշել է կենտրոնանալ ռուսական առկա կործանիչների արդիականացման վրա։ The Times of India-ի տվյալներով՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը շահագործում է մոտավորապես 270 Սու-30ՄԿԻ կործանիչ։ Այս ինքնաթիռները մշակվել են Ռուսաստանում, բայց դրանց զգալի մասը արտադրվել է հնդկական Hindustan Aeronautics Limited ընկերության լիցենզիայով։
2026 թվականի գարնանը Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ գնահատում են Ռուսաստանի՝ 36-40 Սու-57 կործանիչ մատակարարելու առաջարկը, բայց դեռևս վերջնական որոշում չեն կայացրել։
Ռուսաստանի հետ գործարքը ենթադրում էր տեխնոլոգիայի փոխանցում և ինքնաթիռների հավաքում Հնդկաստանի տարածքում, հայտնել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա կործանիչն անվանել է «ամենաարդյունավետն աշխարհում»։
Ըստ Defense Security Asia-ի՝ Նյու Դելին նախատեսում է ռուսական Սու-57-ների փոխարեն լրացուցիչ ֆրանսիական Rafale կործանիչներ գնել և ներդրումներ կատարել սեփական հինգերորդ սերնդի կործանիչի՝ AMCA-ի մշակման մեջ։
Aerospace Global News պարբերականի տվյալներով՝ ռուսական կործանիչների գնումից Հնդկաստանի հրաժարվելուց հետո Սու-57-ի միակ հայտնի արտահանման պատվիրատուն Ալժիրն է։ Ընդ որում, Կրեմլը հայտարարել է, որ համաձայնության է եկել նաև այլ գնորդների հետ, որոնց հրաժարվում է հրապարակել: Հավանական գնորդների թվում են Վիետնամը, Մալայզիան և Ինդոնեզիան։