Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը չեն սպառել դիվանագիտական ճանապարհով այս խնդիրները լուծելու տարածքը, այսինքն՝ մենք չենք սպառել բոլոր հնարավորությունները, գործիքները, և ի վերջո, սա միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին չէ, ինչպես վարչապետն արդեն նշել է։ Սա առհասարակ նրա մասին է, թե ԵԱՏՄ-ն կա՞, թե՞ չէ, և գործարկո՞ւմ է իր բոլոր մեխանիզմները, թե՞ չէ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ կապված իրավիճակի հանգուցալուծումը:
«Այս պարագայում մենք վստահ ենք, որ դիվանագիտական ճանապարհով, երկխոսության ճանապարհով հնարավոր է լուծել խնդիրը։ Բայց զուգահեռաբար ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության համար դիվերսիֆիկացիան եղել է և կա կարևոր օրակարգ, և Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է զարգացնել գործիքակազմն այս մասով նույնպես։ Մենք, բացի նրանից, որ հայացքն ուղղել ենք դեպի ԵՄ, և դա բավականին երկար ժամանակ է, ինչ անում ենք՝ օգտվելով կառավարության տարբեր ծրագրերից, մենք նաև փնտրում ենք այլ շուկաներ, և այս մասով, թույլ տվեք ասել, որ հաջողել ենք, որովհետև լսում ենք այնպիսի ուղղությունների մասին, որոնք ընդհանրապես ավանդական արտահանման ուղղություններ չեն Հայաստանի Հանրապետության համար։ Եվ ես վստահ եմ, որ զուգահեռաբար, թե՛ խոսելով ԵԱՏՄ մեր գործընկերների հետ, միաժամանակ դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը, մենք կկարողանանք սպասարկել քաղաքացիների ակնկալիքները,- ասաց նա և ավելացրեց: - Ես վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը, համարելով Հայաստանի Հանրապետությանը որպես կարևոր գործընկեր, կշարունակի խոսակցությունն այս մասով և կկարողանա հանգուցալուծել այն ենթադրյալ խնդիրները, որոնք մենք, բնականաբար, չենք տեսնում։ Առհասարակ, ապավինելով մեր տարբեր ինստիտուտների գնահատականին՝ ես կարող եմ ասել, որ այդ խնդիրները չկան։ Այսինքն՝ այստեղ մնում է միայն, որ մեր թե՛ արտաքին գործերի նախարարությունը, թե՛ տարբեր գերատեսչություններ իրենց հնարավորությունների շրջանակներում կկարողանան հանգուցալուծել այն խնդիրը, որի առաջ այս պահին գյուղացին կանգնած է»։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հանրաքվե անցկացնելու ՌԴ նախագահի առաջարկին, ապա Սոնա Ղազարյանն ասաց. «Չկա հանրաքվեի առարկան, հանրաքվեի պահանջ չկա: Մենք ԵԱՏՄ անդամ ենք և անելու ենք մեր հնարավորությունների սահմանում ամեն բան, որպեսզի կառույցը գործի։ Զուգահեռաբար ուզում եմ հիշեցնել, որ արտահանման դիվերսիֆիկացիան, որի շուրջ արդեն բավականին երկար տարիներ մենք աշխատանք ենք տանում, տալիս է իր ծիլերը։ Ես առաջարկում եմ մեր քաղաքացիներին նկատել, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ԱՄԷ շուկա մեծ պատմական իրադարձություն է, հատկապես հաշվի առնելով էն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ն սովորաբար փակ է պահում գյուղատնտեսական ապրանքների համար իր շուկան, և այս աջակցությունը ԵԱՏՄ-ի կողմից սա իսկապես բարձր գնահատականի արժանի քայլ է։
Մենք ոչ ավանդական այնպիսի ուղղություններով ենք կարողացել արտահանում ապահովել, խոսքը գնում է ոչ միայն ԱՄԷ արտահանման մասին, այլ տարբեր ուղղություններով՝ Մերձավոր Արևելք, Արևմուտք։ Եվ ես համարում եմ՝ սա դիվերսիֆիկացիա է, այո, ակնհայտ է։
Ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր ենք սկսել գյուղատնտեսական ապրանքներ արտահանել, որովհետև ԵԱՏՄ-ն միշտ փակ է պահել իր շուկան գյուղատնտեսական ապրանքների համար։ Անգամ Թուրքիան, որ Մաքսային միության անդամ է, միշտ չէ, որ հնարավորություն է ունեցել գյուղատնտեսական ապրանքներ արտահանել դեպի ԵԱՏՄ։ Սա մի ուղղություն է, որի շուրջ մենք պետք է ավելի շատ աշխատանք կատարենք, բայց ես ասում եմ՝ էն, ինչ արդեն տեղի է ունեցել՝ առանց ԵԱՏՄ-ի գյուղատնտեսական ապրանքների արտահանումը, սա արդեն մեծ իրադարձություն է։