ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հարցին, թե արդյոք ՔՊ-ն ունի քաղաքական որոշում՝ քվեարկելու փոխնախագահի ընդդիմադիր թեկնածուի օգտին:
«Նման որոշումներ մենք սովորաբար կայացնում ենք հարցուպատասխանից հետո։ Դուք նկատել եք, որ մենք սովորաբար ֆրակցիայի նիստ ենք գումարում լիագումար նիստերի դահլիճից հետո՝ հարցուպատասխանից հետո, որտեղ արդեն ներֆրակցիոն քվեարկության արդյունքում որոշում ենք կայացնում։ Վստահ եմ, որ պարոն Վարդևանյանին հարցեր ուղղելուց հետո՝ իր եզրափակիչ ելույթից հետո, ֆրակցիան կգումարի նիստ, և նման որոշում կա՛մ կկայացնի, կա՛մ չի կայացնի։
Պարոն Վարդևանյանին ես չեմ կարող կանխատեսել, թե տարբեր գործընկերներ ինչպիսի հարցեր կուղղեն, բայց ես մի հարց ունեմ, որը նաև իրեն հղել եմ լիագումար նիստերի դահլիճում, որի պատասխանը մինչ այս պահը չեմ ստացել։ Ուզում եմ հիշեցնել, որ պարոն Վարդևանյանը եղել է Սերժ Սարգսյանի ցուցակում, Ռոբերտ Քոչարյանի ցուցակում, Ռոբերտ Քոչարյանի ցուցակում նա նաև մանդատ է ունեցել մի քանի տարի, հետո վայր է դրել այդ մանդատը, և հանրությունն այդպես էլ չի իմացել, թե ժողովրդի վստահության քվեն ինչու չի պահպանել։ Եվ հիմա ուրեմն Սամվել Կարապետյանի ցուցակում է։ Հետաքրքիր է լսել, թե ինչ այնպես չեն արել Հայաստանի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահները, որ ի վերջո նա հանգրվանել է Սամվել Կարապետյանի ցուցակում»,- նշեց նա։