Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը Լայպցիգի «Հալլե» օդանավակայանում ուկրաինական An-124 բեռնատար ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է կասկածելի առարկա։ DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռենտգենյան հետազոտությունը պարզել է, որ դա պայթուցիկ նյութով և դետոնատորով զինված անօդաչու թռչող սարք է։ Այն վնասազերծվել է հեռակառավարվող ռոբոտի միջոցով։
Լայպցիգի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը, մի քանի ինքնաթիռ ուղղորդվել է ուրիշ օդանավակայաններ։ Հետաքննություն է սկսվել դիվերսիայի կասկածանքով: Հետախուզվում է անօդաչու թռչող սարքի օպերատորը։
Նույն գիշերը, նույն Լայպցիգ/Հալլե օդանավակայանում, DHL բեռնատար ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց բախվել է անհայտ առարկայի։ Հանովերի այլընտրանքային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո քննիչները ինքնաթիռի քթի հատվածում հայտնաբերել են աննշան վնասվածքներ։ Ոստիկանությունը դեպքը որակել է որպես պետական անվտանգության դեմ հնարավոր հանցագործություն։