Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների, պոլիկլինիկայի տնօրեն Վահագն Մկրտչյանի հետ եղել է Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգվող մասնաշենքում՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքների ընթացքին և քննարկելու ծրագրի կատարման հաջորդ փուլերը։
Մարզպետը շրջել է շինհրապարակում, հետևել ակտիվ ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին, զրուցել կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել աշխատանքների կազմակերպմամբ, կատարման ժամկետներով և որակի ապահովման գործընթացով։
Այցի ընթացքում Դավիթ Առուշանյանն առանձնակի կարևորել է շենքի պատմամշակութային արժեքի պահպանումը՝ ընդգծելով, որ այն կառուցվել է 1936 թվականին և շուրջ ինը տասնամյակ եղել է Գյումրու առողջապահական համակարգի կարևորագույն կառույցներից մեկը։ Նրա խոսքով՝ վերականգնման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ շենքը ոչ միայն համապատասխանի ժամանակակից առողջապահական չափանիշներին, այլև պահպանի իր պատմական ճարտարապետական դիմագիծն ու ինքնատիպությունը։

«Աշխատանքները մի քանի փուլով են ընթանալու՝ քանդման, ամրացման, վերականգնման աշխատանքներ և երրորդ փուլը ներքին հարդարման աշխատանքներն են։ Այժմ քանդման աշխատանքներն են ընթացքի մեջ, մասամբ նաև ուժեղացման, բայց այս շենքը պատմամշակութային արժեքով խիստ կարևոր է պահպանելը որպես հնություն ևս, շատ մեծ ցանկություն ունեմ, որ այս կառույցը մենակ պոլիկլինիկա չլինի, շենքն իրապես, հրաշք է և ճիշտ չի լինի ամբողջը թաքցնել վերանորոգման տակ։ Մենք նախագծողների հետ էլ պետք է քննարկենք՝ չխաթարելով ամրացման աշխատանքները կարողանանք պահպանել հնությունները, որոնք անչափ արժեքավոր են։ Ցանկություն ունեմ այս կառույցում հիմնել բժշկական թանգարան, որը Գյումրու համար շատ կարևոր կլինի որպես զբոսաշրջային քաղաք։ 21-րդ դարի պոլիկլինիկան, որտեղ նաև պահպանված կլինեն արժեքավոր հնությունները՝ հիանալի համադրություն կլինի»,-նշել է Դավիթ Առուշանյանը։
Թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումը Շիրակի մարզում առողջապահական ոլորտում իրականացվող ամենախոշոր պետական ներդրումներից մեկն է։ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 1 միլիարդ 450 միլիոն դրամ, արդյունքում բուժհաստատությունն ամբողջությամբ կարդիականացվի՝ ապահովելով ժամանակակից, անվտանգ և հարմարավետ պայմաններ ինչպես բուժառուների, այնպես էլ բուժանձնակազմի համար։
Շենքում վերջին խոշոր վերանորոգումն իրականացվել է դեռևս 1993-ին։ Հիմնանորոգման ավարտից հետո Գյումրու բնակիչները կստանան բոլորովին նոր ենթակառուցվածքներով, արդիական ինժեներական համակարգերով և բարելավված պայմաններով բուժհաստատություն՝ պահպանված պատմական արժեքով։
Շինարարական աշխատանքների ընթացքում բուժսպասարկման անընդհատությունն ապահովելու նպատակով պոլիկլինիկան ժամանակավորապես տեղափոխվել է նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենք, որի նորոգման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 110 մլն դրամ։ Այս լուծումը հնարավորություն է տվել շարունակել քաղաքացիների բուժսպասարկումն առանց ընդհատումների՝ զուգահեռաբար իրականացնելով հիմնական մասնաշենքի լայնածավալ հիմնանորոգումը։
«Մեզ համար այս փուլում ևս կարևոր է, որ մեր քաղաքացիների սպասարկումը պատշաճ կազմակերպվի, պետությունը 100 մլն դրամից ավելի գումար է ներդրել՝ ջեռուցումով, ներքին հարդարումով, որպեսզի պայմանները նորմալ լինեն և մեր բուժանձնակազմն ու բուժառուները կարողանան օգտվել նորմալ պայմաններից, առաջիկա օրերին այստեղ կտեղափոխվի նաև շտապօգնությունը»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Դավիթ Առուշանյանը։
Շիրակի մարզպետը վստահություն է հայտնել, որ ծրագիրը հաջող ավարտին հասցնելու արդյունքում Գյումրին կունենա ոչ միայն ժամանակակից բուժհաստատություն, այլև վերականգնված պատմական շենք, որը կշարունակի ծառայել քաղաքի բնակիչներին երկար տարիներ՝ միավորելով պատմական ժառանգության պահպանությունն ու առողջապահական ծառայությունների նոր որակը։