Ուրուգվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի՝ ALADI-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում: Այս մասին հայտնում է դեսպանությունը։
ALADI-ի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն իր խոսքում ողջունել է ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը կառույցի շրջանակներում՝ որպես դիտորդ պետություն՝ ընդգծելով Հայաստանի տնտեսական ներուժի, արտահանման հնարավորությունների և միջազգային շուկաներում ներկայության ընդլայնման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը։
Դեսպան Մարիամ Գևորգյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի արտահանման ներուժը և տնտեսական հիմնական ցուցանիշները՝ ընդգծելով արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող գործընթացի կարևորությունը և դրա հետագա ընդլայնման հեռանկարները:
Ելույթով է հանդես եկել նաև Ուրուգվայում, ALADI-ում և MERCOSUR-ում Պարագվայի դեսպան Դիդիեր Օլմեդոն՝ շնորհավորելով ՀՀ դեսպանությանը նախաձեռնության համար և վստահության հայտնելով, որ Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև համագործակցության նոր ձևաչափ է ձևավորվում:
Միջոցառմանը ներկա են գտնվել ALADI-ի անդամ պետությունների դեսպաններ, ինչպես նաև՝ ներմուծման ոլորտում գործունեություն ծավալող տասնյակ ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական գինիների հյուրասիրություն:
ALADI-ն տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպություն է, որը միավորում է Լատինական Ամերիկայի 13 երկրներ (Արգենտինա, Բրազիլ, Բոլիվիա, Էկվադոր, Կուբա, Կոլումբիա, Մեքսիկա, Չիլի, Պանամա, Պարագվայ, Պերու, Ուրուգվայ, Վենեսուելա) ՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական համագործակցությունը, առևտրի ընդլայնումը և անդամ պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները: Հայաստանին այդ կառույցում դիտորդի կարգավիճակ է շնորհվել նախորդ տարի: